Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երեւանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 66 դեպք, որից 12-ը Երեւանում, 54-ը մարզերում, որից 5-ը` մահվան ելքով:

Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.6 անգամ, ինչը պայմանավորված է տարածքային կառավարման մարմինների աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:

Նշենք, որ 2017 թվականին թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի եւ Տավուշի մարզերում: Գերիշխող պատճառը` (48%) թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանումն է եւ մակնշումը:

Միաժամանակ, այս տարի 2016-ի համեմատ նկատվել է ինքնասպանության նպատակով թունաքիմիկատների օգտագործման դեպքերի նվազում՝ 0.7 անգամ, մինչդեռ ծնողի անուշադրության հետեւանքով արձանագրված դեպքերի կտրուկ աճ (29%) է դիտվել:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման եւ պահպանման կանոնները, մասնավորապես՝

• հետեւել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների եւ առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա

• չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով

• լվանալ եւ պահել թունաքիմիկատով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին

• տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով

• չպահել թունաքիմիկատները եւ հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում

• պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում

• չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում

• չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար

• պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս եւ թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս

• չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ

• պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում

• օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս

• չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ

• օճառով լվանալ ձեռքերը եւ դեմքը թունաքիմիկատ օգտագործելուց հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը

• լվանալ աղտոտված մաշկը եւ հագուստը առատ ջրով եւ օճառով

• չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։