Եթե Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը փակվի, կենտրոնի 36 աշխատակիցները գործազուրկ կդառնան: Ավելին՝ ամենեւին պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու հաշմանդամություն ունեցող 130 երեխաների բուժումը, որոնք ամեն տարի այս կենտրոնում բուժում են ստանում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Իսկանդարյանը նշեց, որ 2017 թվականին կենտրոնը միայն 2 ամիս է աշխատել՝ մարտին եւ ապրիլին: Մայիսի 1-ից կենտրոնի ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ մտել է այն կլինիկաների ցուցակի մեջ, որոնք մինչեւ 2020 թվականը պետք է լուծարվեն կամ սեփականաշնորհվեն:

Այս կենտրոնում ամեն տարի վերականգնողական բուժում է ստանում  Մանկական ուղեղային կաթվածի ծանր ձեւերով եւ այլ հիվանդություններով տառապող 130 երեխա: Նրանք այստեղ են գալիս երկրի բոլոր մարզերից, այդ թվում՝ Երեւանից: Նրանց հետ աշխատում են բժիշկներ, կինեզիստներ, հոգեբան, հատուկ մանկավարժ եւ լոգոպեդ: Կենտրոնի հիմնական առանձնահատկությունը ստացիոնարի առկայությունն է, որտեղ երեխաները եւ նրանց խնամակալները մնում են առնվազն 18-30 օր՝ կախված ախտորոշումից եւ անհրաժեշտ բուժումից: Յուրաքանչյուր երեխա կենտրոն է գալիս տարեկան 2-3 անգամ:

«Ազատություն» ռադիոկայանի ֆեհսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել էր, որ Օշականի կենտրոնի փակումից հետո նախատեսվում է այս երեխաներին ուղարկել Կոշի մանկական վերականգնողական կենտրոն:

Բայց նշված կենտրոնում, ըստ Լյուդմիլա Իսկանդարյանի, ընդամենը 10 մահճակալ կա, ուստի բավականին դժվար կլինի նման թվով երեխաների բուժման կազմակերպումը: Դրանից բացի, հարկ է նշել, որ այսպիսի երեխաների բուժման համար պետական ֆինանսավորում է անհրաժեշտ՝ անկախ նրանից նրանք կբուժվեն Օշականում թե Կոշում:

Տնօրենը նշեց, որ դեռեւս լիովին պարզ չէ, թե ի՞նչ կլինի Օշականի վերականգնողական կենտրոնի կոլեկտիվի հետ, ի՞նչ կլինի շենքի եւ բժշկական սարքավորումների հետ, եթե կենտրոնն իսկապես փակեն: Կոլեկտիվն այս բոլոր հարցերով դիմել է Առողջապահության նախարարությանը՝ նրանց խոստացել են 3 օրից գրավոր պատասխանել:

Օշականում բուժում ստացող որոշ երեխաների ծնողներ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ կենտրոնի շենքը հիմնանորոգման կարիք ունի, եւ իրենք դեմ չեն իրենց երեխաներին Կոշի վերականգնողական կենտրոն տեղափոխել: