Ամեն տարի «փոխանցողների» միջոցով տարածվող հիվանդություններով վարակվում է մոտ 1 միլիարդ մարդ, եւ մոտ 1 միլիոն մարդ ամեն տարի մահանում է այդ հիվանդություններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։
Մոծակների, տզերի, ճանճերի, ջրային խխունջների եւ այլ «փոխանցողների» միջոցով տարածվող հիվանդություններից ամենատարածվածներն են մալարիան, դենգե տենդը, լեյշմանիոզը, Լայմի հիվանդությունը, շիստոսոմոզը եւ դեղին տենդը։ Ինչպես իր զեկույցում նշեց ԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, «փոխանցողների» միջոցով տարածվող այս հիվանդությունները կազմում են աշխարհի բոլոր վարակիչ հիվանդությունների 17 տոկոսը։ Քանի որ այս հիվանդությունները սպառնում են մոլորակի բնակչության առնվազն կեսին, Բրեդլի Բուզետտոի կարծիքով, շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես է կարելի կանխարգելել դրանք եւ պայքարել դրանց դեմ։
Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում այդ հիվանդությունների դեմ պայքարի համար։ Մեծ ձեռքբերում է այն փաստը, որ 2011 թվականից Հայաստանը համարվում է մալարիայից ազատ երկիր։ Բայց ցավոք, քանի որ մի շարք այլ երկրներում այս հիվանդությունը դեռ մեծ խնդիր է, այն սպառնում է նաեւ Հայաստանին։
Բոլոր այլ նշված հիվանդությունների դեպքերի թիվը Հայաստանում եւս շատ փոքր է (քանի որ հիվանդները մեկուսացվում են, եւ հիվանդությունը չի տարածվում), եւ մահվան դեպքեր դրանց պատճառով վերջին տարիներին չեն արձանագրվել։ Բայց ճամփորդությունների թվի մեծացման հետ մեծանում է նաեւ այդ հիվանդությունները երկրից երկիր տեղափոխելու հավանականությունը, այդ պատճառով «փոխանցողների» միջոցով տարածվող հիվանդությունների դեմ պայքարը կարեւոր է բոլոր երկրներում, նույնիսկ այնտեղ, որտեղ այդ հիվանդությունները գրեթե չկան։
Այս տարվա Առողջապահության համաշխարհային օրը, որը նշվում է ապրիլի 7-ին, նվիրված է «փոխանցողների» (մոծակների, տզերի եւ այլն) միջոցով տարածվող հիվանդությունների կանխարգելմանը, իսկ օրվա կարգախոսն է՝ «Փոքր խայթոց՝ մեծ վտանգ»։






