2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում էին Թումոյի 2 սաներ՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն։ Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։ Բժիշկների գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։
ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հաղորդմամբ, նրանք, ըստ միջազգային ուղեցույցների, հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։
Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տևողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով։
Երկու երեխայի բոլոր հետազոտությունները և խորհրդատվությունները կազմակերպվել են անվճար։ Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։
«Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։ ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Երեւանում, նախորդ տարվա ապրիլի 25-ին, Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժել էին Թումոյի սաներ 16-ամյա Ռոլանդ Խոջայանն ու Էդգար Գասպարյանը։ Նրանք բուժում են ստացել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Այս տարվա ապրիլին Ռոլանդ Խոջայանի մայրը դիմել էր հանրությանը, խնդրելով օգնել իր որդուն հեպատիտ Ց-ից Գերմանիայում բուժելու հարցում։






