Եթե ձեր զարկերակային ճնշումը վաղուց չեք չափել, ապա Սրտաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում դա հենց հիմա անել եւ մասնակցել գերճնշման հայտնաբերման սքրինինգային ծրագրին:

Հունիսի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ասոցիացիայի նախագահ եւ Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը հայտնեց, որ Հայաստանը մասնակցում է հիպերտենզիայի հայտնաբերման միջազգային ակցիային, որը կազմակերպել են Գերճնշման միջազգային միությունը եւ Գերճնշման համաշխարհային լիգան: Ամբողջ աշխարհում մեկ ամսվա ընթացքում ծրագրվել է 100 երկրներում չափել երկրի 25 մլն բնակիչների ճնշումը՝ համաճարակային իրավիճակը գնահատելու համար:

Պարունակ Զելվեյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց դիմել առաջնային օղակի բժիշկներին կամ ճնշումն ինքնուրույն չափել: Սրտաբանի պարզաբանմամբ՝ sirt.am կայքում կարելի է ծանոթանալ այն տեղեկություններին, թե ճնշումն ինչպես ինքնուրույն ճիշտ չափել: Որից հետո կարելի է չափման արդյունքները տեղադրել՝ անանուն հիմունքներով, միայն նշելով սեռը, տարիքը, քաշը, սենյակի ջերմաստիճանը եւ ճնշման դեմ բուժում ստանում է, թե ոչ: Առավել հավաստի տվյալներ ստանալու համար ճնշումը պետք է չափել 3 անգամ, որից հետո կայքում միջինացված տվյալներով պատուհան կհայտնվի, ինչպես նաեւ խորհուրդներ, եթե մարդու մոտ սահմանային տվյալներ են կամ հիպերտենզիա կա:

«Այս կայքում որքան շատ մարդ իր տվյալները տեղադրի, մենք այնքան ավելի լիարժեք պատկեր կստանանք: Սա մեզ համար կարեւոր ցուցանիշ կլինի գերճնշման ավելի արդյունավետ վերահսկման ծրագրեր մշակելու համար»,- ասաց նա:

Ասոցիացիայի ղեկավարը հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունը առաջին տեղն է գրավում եւ կազմում է մահվան բոլոր դեպքերի 50 տոկոսը: «Եվ եթե մենք ձգտում ենք այս պաթոլոգիայի հետեւանքով մահացությունը նվազեցնել, ապա պետք է պայքարենք ռիսկի գործոնների դեմ, իսկ դրանցից հիմնականը գերճնշումն է»,- ասաց սրտաբանը՝ հավելելով, որ ապացուցողական բժշկության համաձայն՝ հիպերտենզիայի արդյունավետ վերահսկման դեպքում սիրտ-անոթային դեպքերի թիվը կտրուկ նվազում է, կյանքի տեւողությունը երկարում եւ կյանքի որակը բարելավվում:

«Միեւնույն ժամանակ, մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում գերճնշման հետ կապված գործում է կեսի օրենքը՝ իր խնդրի մասին գիտի գերճնշումով մարդկանց կեսը, բուժում է ստանում իմացողների կեսը, բուժում ստացողներից միայն կեսն է արդյունավետ բուժում ստանում: Փաստացի, հիպերտենզիայով տառապող մարդկանց միայն 12,5 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Երկրներ կան, որտեղ այս ցուցանիշը հասնում է 50 տոկոսի: Վերջին հետազոտությունների տվյալներով՝ Հայաստանում այս ցուցանիշը շատ ցածր է՝ ընդամենը 10 տոկոս, եւ սա լուրջ խնդիր է»,- նշեց նա: