Երիկամների փոխպատվաստման վիրահատությունների հաջողությունը կախված է ոչ միայն հիվանդի, այլեւ դոնորի տարիքից ու սեռից։ Ընդ որում կին ռեցիպիենտների դեպքում նոր երիկամը չընդունելու վտանգը տարիքի հետ նվազում է, իսկ տղամարդկանց մոտ հակառակը՝ տարիքի հետ վտանգն ավելանում է։
Նման եզրակացության են հանգել Կանադայի ՄաքԳիլի համալսարանի առողջության կենտրոնի գիտնականները՝ հետազոտելով երիկամային տրանսպլանտատի գրեթե 160 հազար ռեցիպիենտների, որոնք գրանցված են Ռեցիպիենտների տվյալների ազգային բազայի գրանցամատյանում, որը ներառում է նաեւ ԱՄՆ-ի տվյալները։
Գիտնականները հայտնաբերել են, որ եթե դոնորը տղամարդ է՝ ցանկացած տարիքի կանայք ավելի վատ են ընդունում նոր երիկամը, քան տղամարդիկ։ Իսկ երբ դոնորը կին է՝ միայն 15-24 տարեկան կին ռեցիպիենտներն են ավելի վատ ընդունել նոր երիկամը, քան այդ նույն տարիքի տղամարդիկ։ Ընդ որում նշում են, որ տարիքի հետ կին ռեցիպիենտները սկսում են ավելի լավ ընդունել տրանսպլանտատը, քան 24 տարեկանից մեծ տղամարդիկ։
Հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Բեթ Ֆոսթերը ենթադրում է, որ դա կարող է պայմանավորված լինել իմունային համակարգի վրա սեռական հորմոնների ներգործությամբ։ Մասնավորապես տրանսպլանտոլոգիայի ոլորտից դուրս արված հետազոտություններից հայտնի է, որ կանացի էստրոգեն սեռական հորմոնը ձգտում է ակտիվացնել իմունային համակարգը, մինչդեռ տղամարդկանց սեռական հորմոնները՝ օրինակ տեստոստերոնը, որպես կանոն, ճնշում է այն, նշում է բժիշկ Ֆոստերը։ Դրանով կարելի է բացատրել, թե ինչու տրանսպլանտատի չընդունման բարձր հավանականություն կա 15-24 տարեկան կանանց մոտ, երբ էստրոգենի արտադրությունն իր գագաթնակետին է հասնում։
Հնարավոր է նաեւ, որ կանացի սեռական հորմոնները ճնշում են այն դեղերի ազդեցությունը, որոնք նախատեսված են ռեցիպիենտների իմունային համակարգի ճնշման համար։ Ամեն դեպքում, հասկանալով դա՝ հնարավոր կլինի մշակել իմունային ճնշման ռազմավարություն, որը թույլ կտա բարելավել փոխպատվաստման արդյունքները, ասվում է ՄակԳիլի համալսարանի կայքում։






