Ամերիկացի պլաստիկ վիրաբույժներն ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ են մշակել, որը կոչվում է գաստրոպլաստիկա։ Նոր մեթոդը որեւէ կտրվածք չի ենթադրում։ Դրա միջոցով կարելի է մինչեւ 54 տոկոս քաշից ազատվել։
Ավելորդ քաշը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցներն են գաստրոշունտավորումն ու հատուկ գաստրոթեւքի տեղադրումը։ Նոր էնդոսկոպիկ թեւքային գաստրոպլաստիկան տեւում է 40 րոպե, իսկ դրա արդյունքը կարող է լինել 54 տոկոս քաշից ազատվելը։ New York Presbyterian Hospital/Weill Cornell Medical Center-ի հետազոտողները հայտարարել են, որ տվյալ մեթոդը նվազեցնում է նաեւ շաքարային դիաբետի վտանգը։
Էնդոսկոպիկ թեւաքային վիրաբուժությունը, ինչպես երեւում է դրա անվանումից, օգտագործում է էնդոսկոպիան՝ ոչ վիրաբուժական ընթացակարգը, որի միջոցով սովորաբար ուսումնասիրում են հիվանդի մարսողական ուղիները։ Դրա ժամանակ լապտերիկով եւ տեսախցիկով հատուկ խողովակը բերանի միջով տարվում է դեպի ստամոքս։
Վիրահատությունը նույն ձեւով է կատարվում՝ խողովակը բերանով ներթափանցում է ստամոքս, իսկ հետո խողովակի միջոցով, հատուկ թեւք ստեղծելով պլաստիկ վիրաբույժը նվազեցնում է ստամքոսի չափը։ Արդյունքում մարդը կհագենա սննդի զգալիորեն փոքր քանակություն օգտագործելով, ինչն էլ կհանգեցնի ավելորդ քաշը կորցնելուն։ Չնայած տվյալ ընթացակարգը չի կարելի հաճելի անվանել՝ արժեքով այն ավելի մատչելի է եւ տեւողությամբ ավելի կարճ։






