2017 թվականի սկզբից մինչեւ հունիսի 11-ը Հայաստանում օձի խայթելու 42 դեպք է գրանցվել։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
Թունաբանի խոսքով՝ այս տարի օձի խայթոցների թիվը, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն աճել է։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում խայթոցի 25 դեպք է գրանցվել, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ 97 (դրանցից 22-ը՝ Երեւանում)։
Օձի խայթոցների թվի աճի պատճառը, ըստ մասնագետի, եղանակն է։ Անցյալ տարվա հունիսին դեռեւս բավական զով էր, եւ օձերն առանձնապես ակտիվ չէին։ Առաջին խայթոցն անցյալ տարի գրանցվել է հունիսի 13-ին, այս տարի՝ ապրիլի 18-ին, Հրազդանի կիրճում։
Հիմնականում դեպքերը գրանցվում են Կոտայքում, Արարատում, Եղեգնաձորում, Գորիսում ու Կապանում։ Թունաբանը նշեց, որ Երեւանում եւս օձի խայթելու դեպքերը եզակի չեն։ Միքայել Գաբրիելյանն ընդգծեց, որ երկրի բոլոր հիվանդանոցներում առկա է հակաթույն, ուստի տուժածին անհրաժեշտ է հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխել։
Մասնագետը հիշեցրեց, որ օձերը հատկապես ակտիվ են դառնում օգոստոսին ու սեպտեմբերին, ուստի այդ ամիսներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել։






