Ցանկացած բժշկի աշխատանքում ամենադժվարը հիվանդի մահն է։ Այսպես միաձայն պնդում են հայազգի բժիշկները, որոնք մեկ ամիս շարունակ Սուդանի Նուբա լեռներում «Բարեգթության մայր» հիվանդանոցում փոխարինեցին «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինային։

Մեկ ամսում հայազգի բժիշկները ստիպված են եղել աշխատել դժվարին պայմաններում. Քաթինան նման պայմաններում աշխատում է մի քանի տարի շարունակ։ Նրանք իրենց համար անսովոր աշխատանքներ են կատարել, բուժման միանգամայն տարբեր մեթոդներ են գործածել՝ հայտնվելով այնպիսի իրավիճակներում, ինչպիսին Հայաստանում երբեք չէին կարող հայտնվել։ Նրանք բախվել են նաեւ հիվանդների մահվան հետ։

Մայոր Հայկ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր հիվանդներից մեկը՝ ծանր հրազենային վնասվածքներով տղամարդը, վիրահատվելուց որոշ ժամանակ անց վախճանվել է։ Մահվան պատճառ է դարձել երիկամային անբավարարությունը։ «Գթասրտության մայր» հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք չկա, չկա նաեւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ուստի տվյալ հիվանդին փրկելը գործնականում անհնար էր։ Փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանն իր հերթին ասաց, որ հիվանդին կորցրել է թոքերի արհեստական օդափոխման համակարգի բացակայության պատճառով։ Նման սարքավորման առկայությունն այդ հիվանդանոցնում շատ բան կարող էր փոխել եւ օգնել փրկել ավելի շատ հիվանդների։

«Երբեմն դու որպես բժիշկ կարող ես մի քանի հասարակ գործողություն կատարել, որոնք քիչ թե շատ իրականանալի են այնտեղի պայմաներում եւ սկսել աղոթել», - ասաց Գեւորգ Ոսկանյանը։

Չնայած Ոսկանյանը փորձառու բժիշկ է՝ Նուբա լեռներում շատ գործողություններ նա կյանքում առաջին անգամ է իրականացրել։ Նա ստիպված է եղել աչքի ոչ մեծ վիրահատություն անցկացնել, կտրել նորածնի պորտալարը։ Նա նաեւ առաջին անգամ բախվել է որոշ ինֆեկցիոն հիվանդությունների հետ։

Բժշկի խոսքով՝ Նուբա լեռներում աշխատանքը զգալիորեն տարբերվում է Հայաստանում աշխատանքից։ Այստեղ՝ Երեւանում, յուրաքանչյուր բժիշկ ունի իր մասնագիտացումը, ոչ ոք ստիպված չի լինում անել ամեն ինչ միանգամից՝ լինելով ե՛ւ վիրաբույժ, ե՛ւ գինեկոլոգ, ե՛ւ ակնաբույժ... Իսկ Սուդանի հիվանդանոցում ընդամենը մեկ բժիշկ կար՝ Թոմ Քաթինան եւ նա ստիպված էր բուժել բոլոր հիվանդներին՝ անկախ նրանց խնդիրներից։

Մայոր Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ Թոմ Քաթինան իր հիվանդանոցնում մի ամբողջ համակարգ է մշակել, որպեսզի մեկ բժիշկը կարողանա օգնության հասնել բոլոր հիվանդներին։ Նրան օգնել են նաեւ, այսպես կոչված, clinical officers – ները՝ մասնագետները, որոնք բժշկի որակավորում չունեն, սակայն սովորական բուժքրոջից ավելի շատ գիտելիքներով են օժտված։ Նրանք օգնել են նաեւ հայազգի բժիշկներին։

Բժիշկների խոսքով՝ իրենք կարոտել են հայրենիքը եւ ուրախ են վերադառնալ։ Սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն նորից մեկնել Սուդան կամ ցանկացած այլ երկիր, որտեղ օգնություն է անհրաժեշտ։

[gallery id=98]

Լուսանկարները տրամադրել է IDeA հիմնադրամը