ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններ։ Նախարարը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել թողունակությանը, հիվանդների բուժման ընթացքին, առկա հնարավորություններին եւ խնդիրներին։

 «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերջին շրջանում նորոգվել են ընդունարանը, դեղատունը, հնարավորություններ են ստեղծվել ավազային թերապիայի, խմբակային եւ անհատական խորհրդատվության, արտթերապիայի համար։

Նախարարը հանձնարարել է մշակել եւ ներկայացնել կենտրոնի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։

«Նորք» հոգեբուժական կենտրոնում եւս Լեւոն Ալթունյանին ներկայացվել են սեփական միջոցներով իրականացված նորոգումները, մանկական ամբուլատոր ծառայության կազմակերպման պայմանները, ինչպես նաեւ ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի հնարավորությունները։

Նշենք, որ նախարարության կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը վերջին 2-3 ամիսներին ուսումնասիրություններ է կատարում հոգեբուժության ոլորտի բարեփոխման քայլերի հստակեցման նպատակով։ Այցի արդյունքները կքննարկվեն Երեւանի երեք հոգեբուժարանի օպտիմալացման ենթատեքստում։