Ինսուլտ տարած շվեդը քիչ էր մնում հայտնվեր այն աշխարհում հիվանդանոցի անձնակազմի՝ իր օրգանները նվիրաբերելու մտադրության հետեւանքով, իսկ այժմ վերականգնում է արդարությունը դատարանի միջոցով:

43-ամյա Ջիմի Ֆրիտզեին հաջողակ են համարում այն բանից հետո, երբ նա հրաշքով ողջ մնաց հիվանդանոցում, որտեղ բժշկական անձնակազմը նրան մահվան դատապարտված էր համարում եւ նույնիսկ որոշել թր նվիրաբերել նրա օրգանները: Տղամարդը 2 տարի առաջ կաթվածահար էր եղել ինսուլտից հետո, որը տարել էր Շվեդիայի՝ մեծությամբ երկրորդը համարվող Գյոթեբորգ քաղաքին մոտ գտնվող կղզում, որտեղ նա իր ընկերուհու հետ պիկնիկի էր գնացել, հաղորդում է Fox News-ը:

Քանի որ կղզին կտրված էր քաղաքից, նրան հիվանդանոց տեղափոխելու համար երկար ժամանակ պահանջվեց, եւ այդ ժամանակահատվածի ընթացքում նա արդեն ամբողջությամբ կաթվածահար էր եղել:

«Նրանք նայեցին իմ ուղեղի ռենտգենյան նկարին եւ ասացին, որ հույս չկա, ես չեմ ապրի»,- պատմում է Ֆրիտզեն: - «Ես լսում էի, թե ինչպես է լաց լինում իմ ընկերուհին, բայց ես ոչինչ չէի կարող անել: Ես կարող էի մենակ տեսնել եւ լսել, ես շարժվել չէի կարող»:

Մինչ նա անշարժ պառկած էր, նա լսում էր՝ թե ինչպես են բժիշկները քննարկում իր օրգանների դոնորության հարցը, մասնավորապես՝ լյարդի եւ երիկամների:

«Ես շատ վախեցա, ես մտածում էի թե ինչ մահով պետք է ստիպված լինեմ մահանալ»,- շարունակում է Ֆրիտզեն,- «Ես նույնիսկ մտածում էի, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք ինձ այրեն, կտեսնե՞մ ես արդյոք կրակը, կզգա՞մ»:

Ամեն ինչ հնարավոր է հենց այդպես էլ տեղի ունենար, եթե գլխավոր բժիշկը աշխատանքի չվերադառնար Ֆրիտզեի հիվանդանոց ընկնելուց 3 օր հետո: Ուշադիր ուսումնասիրելով ռենտգեն նկարը, նա հասկացավ, որ Ֆրիտզեն կարող է լավանալ: Մի քանի օր հետո տղամարդը արդեն կարողանում էր շարժել գլուխը, իսկ այժմ նա կարող է խոսել եւ ինտենսիվ վերականգնումից հետո՝ մի քիչ շարժվել: