«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարել են հերթական լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիան: Հիվանդը 24 տարեկան երիտասարդ կին է, որին 3 սմ տրամագծով քարը լուրջ անհարմարություն էր պատճառում:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը նշեց, որ լեղաքարային հիվանդության դեպքում լեղապարկն ամբողջությամբ հեռացվում է, իսկ լեղապարկի լապարոսկոպիկ հեռացումը այսօրվա դրությամբ ոսկե ստանդարտ է: «Խոլեցիստէկտոմիայի գրեթե 98 տոկոսը մեզ մոտ կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: Շատ հազվադեպ են բաց վիրահատություններ կատարվում, երբեմն ստիպված ենք կոնվերսիա անել, երբ վիրահատության ընթացքից կախված լապարոսկոպիայից անցնում ենք բաց վիրահատության»,- ասաց նա:

Բժշկի խոսքով՝ լեղաքարային հիվանդությունը բավականին տարածված պաթոլոգիա է, այն կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց, եւ հետաքրքիրն այն է, որ կանայք լեղապարկի հեռացումն ավելի հեշտ են հաղթահարում, քան տղամարդիկ:

Բժիշկը հայտնեց, որ այսօրվա հիվանդի մոտ բավականին մեծ քար էր առկա, որը բորբոքում էր առաջացրել եւ հիվանդին ուժեղ ցավեր էր պատճառում: Նա, սակայն, հավելեց, որ լեղապարկում մանր քարերն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան մեծեը, քանի որ կարող են լեղածորան ընկնել եւ խցանում ու մեխանիկական դեղնուկ առաջացնել:

Նման դեպքերում արդեն վիրահատությունը կատարվում է կյանքի ցուցումով՝ կյանքը փրկելու համար, այլ ոչ թե պլանային, եւ այն շատ ավելի բարդ ու ծավալուն է։ Այնպես որ, բժշկի խոսքով, ավելի լավ է լեղապարկում քարերը ժամանակին հայտնաբերել եւ լեղապարկը հեռացնել, ինչպես այս երիտասարդ կնոջ դեպքում: Տիգրան Նալբանդյանի խոսքով՝ քանի որ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով, կինը կարող է մեկ-երկու օրից դուրս գրվել, իսկ մեկ շաբաթ հետո լիովին վերադառնալ իր սովորական կյանքին:

«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում մեծ ծավալով վիրաբուժական միջամտություններ են կատարում՝ ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ՝ պաթոլոգիայի տեսակից կախված: «Լապարոսկոպիկ եղանակը մեզ հնարավորություն է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից, որոնք հատուկ են բաց վիրաբուժությանը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատություններն այս մեթոդով են կատարվում ճողվածքի,  որդանման ելունի սուր բորբոքումների  դեպքում: Այս մեթոդն է օգտագործվում նաեւ հիվանդությունների ավելի ճշգրիտ ախտորոշման համար: «Հաշվի առնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն ստեղծվել է պրոկտոլոգիայի ինստիտուտի բազայի վրա, մենք պահպանում ենք պրոկտոլոգիական ուղղվածությունը եւ վիրահատությունների մեծ ծավալը, եւ փորձում ենք լապարոսկոպիկ մեթոդը ներդնել նաեւ հաստ աղիի վիրահատությունների համար: Հայաստանում դեռեւս նման  մեծ փորձ չկա, մենք մտադիր ենք այս բացը լրացնել, եւ դրա համար բժիշկներին կուղարկենք արտասահման վերապատրաստվելու, նաեւ ձեռք կբերենք անհրաժեշտ գործիքները»,- ասաց փոխտնօրենը:

Ըստ նրա, «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվում է նաեւ բաց վիրահատությունների ամբողջ սպեկտրը՝ ներառյալ չարորակ ուռուցքների հեռացումը: Կենտրոնը համագործակցում է ռուսաստանցի հայտնի վիրաբույժ Խաչատուր Բադալյանի հետ, որը ժամանակ առ ժամանակ Հայաստան է ժամանում եւ «Իզմիրլյան» ԲԿ-ի վիրաբույժների հետ համատեղ վիրահատություններ կատարում:

«Իզմիրլյան» ԲԿ-ը գինեկոլոգիայի մասով, ինչպես նշեց Տիգրան Նալբանդյանը, ստանդարտ վիրահատություններից բացի՝ լավ լուծում է առաջարկում արգանդի իջեցման եւ սթրեսային անմիզապահության դեպքում: