Փարիզում, 91 տարեկանում վախճանվել է վիրաբույժ-սրտաբան Քրիստիան Քաբրոլը, որը Եվրոպայում կատարել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով բժշկի շրջապատին:
Նշվում է, որ Քաբրոլը վախճանվել է ուրբաթ առավոտյան Փարիզի Սալպետրիեր հիվանդանոցում, որտեղ 1968 թվականին կատարել է սրտի փոխպատվաստման հայտնի վիրահատությունը:
Քրիստիան Քաբրոլը (1925-2017) վիրաբույժ սրտաբան է, ֆրանսիացի քաղաքական գործիչ: Եվրոպայում առաջին անգամ՝ 1968 թվականի ապրիլին, նա կատարել է մարդու սրտի փոխպատվաստման վիրահատություն: Քաբրոլի վիրահատությունն իրականացվել է աշխարհում համանման առաջին վիրահատությունից ընդամենը մի քանի ամիս հետո, որը կատարել էր հարավաֆրիկացի վիրաբույժ Քրիստիան Նեթլինգ Բարնարդը:






