Մոծակի, մլակի կամ տզի մեկ «անմեղ» խայթոցը կարող է դառնալ մի շարք լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ։ Այդ հիվանդություններից ամենատարածվածներն են մալարիան, դենգե տենդը, լեյշմանիոզը, Լայմի հիվանդությունը, շիստոսոմոզը եւ դեղին տենդը, որոնց դեպքերը Հայաստանում շատ քիչ են, սակայն հայերը միեւնույն է կարող են վարակվել դրանցով՝ այլ երկրներ ուղեւորվելիս։
Ինչպե՞ս է կարելի խուսափել այդ հիվանդություններից այլ երկրներ ճամփորդելիս։ Ահա թե ինչ են խորուրդ տալիս ԱՀԿ-ի մասնագետները.
1. Այլ երկիր ուղեւորվելիուց առաջ պարզեք, թե ինչ հիվանդություններ են տարածված այդ երկրում, եւ նախօրոք պատվաստվեք դրանց դեմ։ Գոյություն ունեն պատվաստանյութեր դեղին տենդի, ճապոնական էնցեֆալիտի եւ տզզային էնցեֆալիտի դեմ։
2. Նախքան մեկնելը խորհրդակցեք Ձեր բժիշկի հետ եւ պարզեք, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել՝ այդ հիդանդություններից խուսափելու համար։ Որոշ հիվանդությունների դեպքում Ձեզ պետք կգա որոշակի դեղորայք տանել Ձեզ հետ։
3. Աշխատեք կրել բաց գույնի, երկար թեւերով վերնաշապիկ եւ երկար անդրավարտիք, իսկ մարմնի բաց մասերում քսեք միջատներին վանող հատուկ նյութեր՝ ռեպելենտներ։
4. Պատուհաններին աշխատեք հակամոծակային ցանցեր քաշել, որպեսզի միջատները չկարողանան Ձեր կացարան մտնել։
5. Եթե այն երկրում, ուր ուղեւորվում եք, բարձր է մալարիայի վտանգը, քնեք հատուկ միջատասպան նյութերով մշակված ցանցե մահճակալների ներքո։ Եթե հյուրանոցում եք գիշերում, պահանջեք, որ Ձեզ այդպիսի մահճակալ տան։
6. Եթե Ձեր մաշկին տիզ հայտնաբերեք, ունելու օգնությամբ հեռացրեք այն եւ մաշկն ախտահանող նյութերով մշակեք։
7. Հիվանդ մարդկանց եւ կենդանիների հետ շփվելիս զգույշ եղեք եւ աշխատեք չդիպչել նրանց արյանը կամ այլ կենսաբանական հեղուկներին։
8. Զգույշ եղեք սնվելիս, չպաստերիզացված կաթնամթերք մի օգտագործեք, մանավանդ եթե այն երկրում, որտեղ գտնվում եք, բարձր է տզզային էնցեֆալիտով վարակվելու վտանգը։
Այս պարզ խորհուրդներին հետեւելը կօգնի Ձեզ հնարավորինս խուսափել այլ երկրներում այդ երկրներին հատուկ հիվանդություններով վարակվելուց։ Եթե արդեն վարակվել եք վերոհիշյալ հիվանդություններից մեկով եւ բուժում եք սկսել, ԱՀԿ-ի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման շարունակել եւ ավարտի հասցնել բուժումը տուն վերադառնալուց հետո։ Իսկ եթե հիվանդության առաջին աշտանիշները հայտնվել են Հայաստան վերադառնալուց հետո, անպայման պատմեք Ձեր բժիշկին, թե որ երկրում եք եղել, քանի որ հնարավոր է, որ Ձեր հիվանդությունը Դուք հենց այնտեղից եք բերել։






