Սխալ է կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներին տարօրինակ եւ «ոչ հեռանկարային» համարել. ուսանելու ճիշտ մոտեցումների դեպքում այս երեխաները կարող են կյանքում շատ բանի հասնել` բժիշկներ, բուժքույրեր, ծրագրավորողներ դառնալ: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ-ում աուտիզմով եւ խլությամբ տառապող երեխաների հետ աշխատող մասնագետ Ջորջեթա Մութաֆյանը:
Մասնագետի խոսքով` կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների ճիշտ ուսուցման կազմակերպման համար առաջին հերթին անհրաժեշտ է նրանց ուսուցիչներին սովորեցնել. ուսուցիչները պետք է հասկանան, որ երբեմն միանգամայն տարբեր մոտեցումներ են պահանջվում միեւնույն տեղեկությունը տարբեր երեխաներին հասցնելու համար: Եվ եթե ամեն ինչ ճիշտ կատարվի, կրթական հատուկ կարիքներով երեխաները կարող են դպրոցն ավարտել ունենալով նույն գիտելիքները, հմտություններն ու հեռանկարները, ինչ եւ «սովորական» երեխաները:
Ջորջեթա Մութաֆյանը Հայաստան է եկել ծանոթանալու, թե այստեղ ինչպես են ուսուցանում Դաունի համախտանիշով, աուտիզմով, խլությամբ եւ այլ առանձնահատկություններով երեխաներին: Նրա խոսքով` իրեն շատ է ուրախացրել այն փաստը, որ Հայաստանում վերջին շրջանում բավական թվով ինկլյուզիվ դպրոցներ են հայտնվել, որտեղ կրթական հատուկ կարիքներով երեխաները կարող են սովորել «սովորական» երեխաների հետ: ԱՄՆ-ում նույնպես կրթությունը հենց այսպես է կազմակերպված, եւ այս համակարգն ավելի արդյունավետ է, քան եթե կրթական հատուկ կարիքներով երեխաները բոլորից առանձին սովորեն` հատուկ մասնագիտացված գիշերօթիկ դպրոցներում:
Ճիշտ է, այստեղ դեռեւս ինչ-ինչ խնդիրներ կան: Մասնավորապես` որոշ ընտանիքներ դեռեւս փորձում են կրթական հատուկ կարիքներով իրենց երեխաներին տանը պահել, նրանց ոչ մեկին չներկայացնել, նրանց համար ամաչել: Դրանից բացի, որոշ ծնողներ չեն ցանկանում, որ իրենց երեխաները շփվեն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ` վախենալով, որ դա կարող է նրանց համար սթրեսային լինել: Իրականում այս բոլոր մոտեցումները չափազանց հնացած են, պնդում է մասնագետը: Անհրաժեշտ է կրթական հատուկ կարիքներով երեխաների, ինչպես նաեւ «սովորական» երեխաների հետ զբաղվել, անհրաժեշտ է նրանց ուշադրություն եւ ժամանակ հատկացնել` նրանք միայն այսպես կկարողանան կյանքում ինչ-որ բանի հասնել: Ինչ վերաբերում է երեխաների շփումներին, ինչպես մասնագետը նշեց, եթե դա իրենց երեխաներին վերապահվի, ապա կարելի է տեսնել, որ նրանք սովորաբար միրմյանց հետ ընդհանուր լեզու են գտնում եւ հանգիստ, առանց որեւէ սթրեսի շփվում են` անկախ նրանից, թե ով ինչ հիվանդություն կամ խնդիրներ ունի:






