Agois Pharmaceuticals ընկերության փորձնական դեղամիջոցը՝ կլինիկական հետազոտությունների առաջին փուլում ցույց է տվել հակաքաղցկեղային ազդեցություն սուր միելոիդ լեյկոզով (ՍՄԼ) տառապող հիվանդների վրա, հաղորդում է Newmax Health-ը:
7 հիվանդներից՝ ում 28 օրվա ընթացքում տվել են AG-221 դեղամիջոցը, վեցը դրական են արձագանքել բուժմանը:
Երեքի մոտ հետազոտողները լրիվ ռեմիսիա են հայտնաբերել, երկուսի մոտ լրիվ ռեմիսիա՝ թրոմբոցիտների ոչ լրիվ վերականգնումով, ինչը նշանակում է, որ լեյկոզը դուրս է բերվել ոսկրածուծից, բայց թրոմբոցիտների քանակը դեռեւս չի վերադարձել բնականոն մակարդակի:
Առաջատար հետազոտող բժիշկ Իտան Սթեյնը՝ Նյու Յորքի Memorial Sloan Kettering Cancer Center ուռուցքաբանական կենտրոնից, հայտնել է, որ ի տարբերություն քիմիոթերապիայի, հիվանդների մոտ փորձարկման ընթացքում որեւէ կողմնակի ազդեցություն չի դիտվել:
Ըստ Սթեյնի, հետազոտողները հույս չունեին ամենափոքր դեղաչափերով այդպիսի արդյունքներ ստանալ հենց առաջին փորձարկման ժամանակ: «Մենք հաճելիորեն զարմացած էինք»,- հայտարարել է նա:






