Այսօր` հունիսի 21-ին, Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը: Չնայած մեր երկրում, ինչպես սիրում է ժողովուրդն ասել, գլխավորը չհիվանդանալն է, այսպես թե այնպես, ստիպված ես լինում բժիշկներին դիմել:

Թանկագին բժիշկներ: NEWS.am Medicine-ի խմբագրակազմը ցանկանում է Ձեզ շատ փող եւ քիչ հիվանդներ մաղթել, սակայն, ցավոք, մեր երկրում Ձեր փողը կախված է հիվանդների թվից, եւ ցանկալի է, վճարունակ:

Մենք Ձեզ մաղթում ենք քիչ «սխալվել», որ ոլորտի ղեկավարները ստիպված չլինեն մշտապես մեզ պարզաբանել, որ «բժշկական սխալը» հանցագործություն չէ: Հավատացեք, ոչ մեկը Ձեր մեջ հանցագործի չի փնտրում, պարզապես հիվանդ մարդկանց հանդեպ ուշադիր եղեք, հոգատար եւ ներողամիտ: Պարզապես ձեր աշխատանքը կատարեք, Դուք դրա դիմաց, ինչպես աշխատող մյուս մարդիկ, աշխատավարձ եք ստանում: Իսկ եթե այն քիչ է, հիվանդները վերջին մեղավորն են:

Մենք ցանկանում ենք, որ դուք մշտապես հիշեք` Ձեր աշխատանքը սոսկ աշխատանք չէ, այլ առաքելություն: Իսկ բժկական կազմակերպությունների ղեկավարներին ցանկանում ենք հիշեցնել` Դուք ոչ թե պարզապես բիզնես եք անում, Դուք ժողովրդին առողջություն եք տալիս: Եվ այսօր մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում այն բուժաշխատողներին, որոնք իրենց աշխատանքն են պարզապես անում` չակնկալելով ո’չ գնահատական, ո’չ շնորհակալություն:

Մենք երախտապարտ ենք եւ շնորհավորում ենք նաեւ այն բոլոր բժիշկներին, որոնք այս ամբողջ ընթացքում մեզ հետ աշխատել են` մեր ընթերցողներին տեղեկություններ ներկայացնելով:

Եվ գլխավորը` առողջ եղեք, որպեսզի ի վիճակի լինեք մյուսներին առողջություն վերադարձնել: