Թութունի ծաղիկներում մոլեկուլ են գտել, որը կարող է ոչնչացնել ուռուցքային բջիջները: Այն հայտնաբերել են ավստրալիական Լա Թրոուբ համալսարանի գիտնականները: Այս մոլեկուլը բույսերի բնական պաշտպանության մաս է, գրում է Upi.com-ը:

Ըստ մոլեկուլյար գիտության ինստիտուտի  զեկույցի, NaD1 մոլեկուլն աշխատում է հատուկ կառուցվածքի առաջացման շնորհիվ, որը զավթում է թաղանթի լիպիդները եւ «պատռում» դրանք: Արդյունքում բջիջները քայքայվում են: Hexima բիոտեխնոլոգիական ընկերությունն արդեն սկսել է նախնական հետազոտություններ կատարել, պարզելու համար՝ հնարավոր է արդյոք NaD1-ի արդյունավետ օգտագործումը քաղցկեղի դեմ:

Հարկ է նշել, որ խոսքը ոչ թե սովորական թութունի մասին է, այլ «թեւավոր թութուն» (Nicotiana alata) բույսի մասին: Թեպետ այն ցեղակից է գլանակների եւ սիգարի արտադրության մեջ օգտագործվող թութունին, սակայն միանգամայն այլ տեսակ է:

Առաջատար հետազոտող բժիշկ Մարկ Հյուլեթն ասել է, որ քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների ամենամեծ խնդիրն այն է, որ բուժման արդյունքներն ընտրողական չեն: Սակայն նրանք հայտնաբերել են, որ թութունի ծաղիկների մոլեկուլները կարող են կողմնորոշվել միայն դեպի քաղցկեղային բջիջները եւ աննշան են ազդում առողջության վրա: