Քնի հետ խնդիրներ ունեցող մարդիկ ավելի շատ են ենթակա սրտային հիվանդությունների: Այսպիսի եզրահանգման են եկել Շվեդիայի Լինչեպինգեյի համալսարանական կլինիկայի գիտնականները՝ ինքնազգացողության վրա քնի ազդեցությունն ուսումնասիրելիս:

Հետազոտությանը մասնակցել են սրտաբանական հիվանդություններով առաջին անգամ հոսպիտալացված կլինիկայի 499 հիվանդներ: Դուրս գրվելուց հետո նրանց  43%-ը հայտնել է քնի խանգարումների մասին, իսկ 30%-ի մոտ նմանատիպ խնդիրներ առաջ են եկել ավելի ուշ՝ մոտ մեկ տարի անց:

Գիտնականները համարում են, որ քնի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ` սրտային հիվանդությունների կապակցությամբ կրկնակի հոսպիտալիզացիայի հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, շվեդ բժիշկների աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ստավանգարի գիտաժողովի ժամանակ: