2016 թվականին Հայաստանի առողջապահության ոլորտի ծախսերը կազմել են  մոտ 89 մլրդ դրամ կամ բյուջեի 6,2 տոկոսը եւ ՀՆԱ-ի 1,5 տոկոսը: Այս մասին հունիսի 29-ին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս:

Նա հավելեց, որ միջազգային կառույցների անցկացրած մի շարք հետազոտությունների արդյունքներով Հայաստանի առողջապահության ոլորտի ընդհանուր ծախսերը գնահատվում են մոտ 260 մլրդ դրամ: «Հետեւաբար` պետության կողմից կենտրոնացված բաշխվող գումարը կազմում է ոլորտում շրջանառվող ընդհանուր միջոցների ընդամենը 30-35 տոկոսը: Արեւմտյան Եվրոպայի զարգացած երկրներում այս թիվը մոտ 85 տոկոս է: Միջոցների կենտրոնացված բաշխման նման ցածր մակարդակը միանշանակ դժվարացնում է առողջապահության ոլորտում ծախսերի արդյունավետության ապահովումը»,- ընդգծեց նա:

Նախարարը նշեց, որ արտահիվանդանոցային ծառայությունների համար 27 մլրդ դրամից ավելի է ծախսվել` երկրի մեկ բնակչին 6500 դրամ հաշվարկով: Հիվանդանոցային ծառայությունների ծախսերը կազմել են 40 մլրդ դրամից ավելի:

«Ըստ հիվանդանոցային ծրագրերի ակտուալ է մնում հիվանդանոցային ծառայություններ ստացող շահառուների թվի եւ ունեցած ֆինանսական միջոցների անհամամասնության հարցը: Սա մի կողմից բերում է պետական պատվերի շրջանակում գների անիրատեսական ցածր մակարդակի, իսկ մյուս կողմից` պետության երաշխավորած բուժծառայությունների թվի եւ դրանց իրատեսական պահանջարկի անհամամասնության: Ներկայումս Առողջապահության նախարարությունը փորձում է գտնել այս խնդիրների թիրախային լուծումները»,- ասաց նա: