Ռիսկը իրավական կատեգորիա չէ, եւ կոռուպցիոն ռիսկերի ստեղծման համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Այս մասին հունիսի 29-ին ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը` ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հայտարարությանը:
Մեկնաբանելով նախարարի խոսքն այն մասին, որ պետական պատվերի շրջանակում սահմանված են անիրատեսական ցածր գներ, Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ անիրատեսական գները պետությունն է սահմանում: «Անիրատեսական ցածր գներն ինքնին արդյոք կոռուպցիոն ռիսկեր չե՞ն պարունակում: Եվ ո՞վ է դրա համար քրեական պատասխանատվություն կրում: Կոռուպցիոն ռիսկերը պետությունն է ստեղծում, իսկ դրա համար պատասխանատվությունը քաղաքացիներն են կրում»,- ասաց նա:
Լեւոն Ալթունյանը հավելեց, որ իրենք գործում են սահմանափակ բյուջեի շրջանակում: «Եթե իրատեսական գներ սահմանվեն եւ դրանք բազմապատկվեն այն հիվանդների թվին, որոնք այս ծառայությունների կարիքն ունեն, ապա գումարը կկազմի մոտ 260 մլրդ դրամ: Այսօր մենք 75 մլրդ ունենք եւ պետք է գործենք այս գումարի շրջանակում»,- ասաց նա:






