Մեր կենսաթոշակառուները ունեն որեւէ բանի համար անպիտան ատամի պրոթեզներով լի մի ամբողջ արկղ։ Այս մասին առողջապահության ու սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում 2016-ի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին։ 

Կարեն Ավագյանը, դիմելով նախարարին, ասել է, որ պետպատվերի շրջանակում տրամադրվում են շատ անորակ ատամնաբուժական ծառայություններ, ընդ որում այդ ծառայությունները տրամադրող բժիշկների աշխատանքը նրանց գործատուների կողմից չի վճարվում։

«Պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների գինը ցածր է, որակը ցածր է, հիվանդները չեն դժգոհում՝ հասկանալով, որ գինը ցածր է»,- համաձայնել է Լեւոն Ալթունյանը։ Նա հայտնել է, որ նախարարությունում հիմա աշխատում է ատամնաբույժների հանձնաժողով, որի նպատակն է հաշվարկել այն նվազագույն գները, որոնց դեպքում ատամնաբույժները կարող են պարտավորվել որակյալ ծառայություններ մատուցել։ Բայց,  հավելեց նախարարը, ինչպես մյուս ոլորտներում, այդպես էլ ատամնաբուժության ոլորտում, արտոնյալ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մարդկանց շրջանակը պետք է նեղացվի։