Հայաստանում 2018-ից սկսած 13-14 տարեկան բոլոր աղջիկներին արվելու է մարդու պապիլոմա վիրուսի (HPV) դեմ պարտադիր անվճար պատվաստում։ Այս մասին հունիսի 29-ին ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Նա հավելել է, որ պարտադիր պատվաստման համար կառավարությունը կհատկացնի 138 մլն դրամ։ «Մենք ուզում ենք բոլոր կանանց առաջարկել անցնել պատվաստում իրենց հաշվին, ընդ որում նախարարությունը կապահովի պատվաստանյութեր նվազագույն գներով, որոնք շուկայականից 6-7 անգամ ցածր են»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում HPV-ի դեմ պատվաստման ծրագիրը իրականացվելու է GAVI հիմնադրամի միջոցով։ Առաջին երկու տարիներին GAVI-ն գարդասիլ պատվաստանյութերը Հայաստանին կտրամադրի իր հաշվին, իսկ հետագա տասը տարիներին Հայաստանը պատվաստանյութերը կգնի GAVI –ի գներով՝ չափաբաժնի համար 4.5 դոլար։






