Միացյալ Նահանգներում ծննդաբերող դեռահասների թիվը 2016 թվականին, նախորդող տարվա համեմատ, 9%-ով նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի: Այս մասին են վկայում ԱՄՆ կառավարության հրապարակած վերջին տվյալները:

National Center for Health Statistics-ի տվյալներով՝ 1991 թվականի համեմատ՝ 2016-ին դեռահաս ծննդկանների թիվը 67%-ով պակաս է եղել: Մյուս կողմից, ծնելիության ցուցանիշն ընդհանուր առմամբ անկում է գրանցել. 2016 թվականին ԱՄՆ-ում 3.941.109 երեխա է ծնվել, ինչը, 2015-ի համեմատ, 1%-ով պակաս է:

Nationwide Children's Hospital-ից թերապեւտ Էլիզա Բերլանը նշել է, որ դեռահասների շրջանում հղիության թվի նվազումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ վերջին տարիներին նրանք սկսել են ակտիվորեն հակաբեղմնավորիչներ օգտագործել: Եթե նախկինում դեռահասները բավարար տեղեկություններ չունեին դրանց մասին, իսկ հակաբեղմնավորիչներն այնքան էլ հասանելի չէին, ապա հիմա իրավիճակը փոխվել է. սեռական կյանքով ապրող գրեթե բոլոր դեռահասները հակաբեղմնավորիչներ են օգտագործում, ընդ որում՝ առաջին տեղում պահպանակն է:

Միաժամանակ, ԱՄՆ-ում աճել է տարիքով ծննդկանների թիվը: 2016 թվականին 30-34 տարեկանում ծննդաբերող կանանց թիվն ավելացել է 1%-ով, 2%-ով աճել 35-39 տարեկան, 4%-ով՝ 40-44 տարեկան ծննդկանների թիվը: