Նշանակություն չունի, թե սրտի կաթված ստացած հիվանդին ինչով կբերեն հիվանդանոց` շտապ օգնության մեքենայով, տաքսիով, թե՞ երթուղայինով: Եթե կլինիկական հիմնական չափանիշներով նա համապատասխանում է Stent For Life ծրագրին, ապա այս ծրագրի շրջանակում նրան անվճար ստենտավորում կկատարեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Ծրագրին մասնակցելու չափանիշներն են` հիվանդի մոտ պետք է սրտամկանի կաթվածն ախտորոշվի ST էլեւացիայով (սրտի սուր կաթվածի ամենածանր տեսակը, որը հայտնի է որպես լայնածավալ կաթված), եւ կաթվածից հետո պետք է 12 ժամից ավելի չանցնի: Դրանից բացի, հիվանդը պետք է ստենտավորման համար հակացուցումներ չունենա (այլ ծանր հիվանդություններ, որոնք շտապ ուշադրության կարիք ունեն, շոկային վիճակ եւ այլն):
Գլխավոր սրտաբանի խոսքով` բոլոր հիվանդները, որոնք ներառված են անվճար ինվազիվ կարդիովիրաբուժության իրավունք ունենցողների խմբերում եւ համապատասխանում են վերը նշված չափանիշներին, կարող են ստենտավորում կատարել Stent For Life-ի շրջանակում: Սրտաբանի խոսքով` չնայած տարածված կարծիքին, ստենտավորում կատարելու համար կարեւոր չէ, թե հիվանդն ինչով կտեղափոխվի հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարից Հայաստանում գործում է «Stent for life» ծրագիրը: Դրանում կարող են ներառվել այն անձինք, որոնք ընդգրկված չեն անվճար բուժսպասարկման, այդ թվում՝ ստենտավորման իրավունք ունեցողների սոցիալական խմբերում: Ծրագիրը գործարկվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը կազմում է մահացության ընդհանուր կառուցվածքի 48%-ը, եւ որ կաթվածի դեպքում ստենտավորումը հիվանդի կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է:






