Համբույրը կայուն մտել է մարդկային տարբեր ծիսակարգերի մեջ, եւ որոշ ժամանակից սկսած հուլիսի 6-ին ամեն տարի ամբողջ մոլորակում նշվում է Համբույրի համաշխարհային օրը: Իսկ մի քանի գիտնականներ որոշել են ավելի ուշադիր զննել այս ծիսակարգը` ստեղծելով ֆիլեմատոլոգիա նոր գիտությունը:

Մասնավորապես` ուսումնասիրվում են այն մարդկանց «մանրէային բնապատկերները», որոնք մտերիմ հարաբերությունների մեջ չեն, եւ հակառակը` րոպեներով, ժամերով եւ նույնիսկ օրերով ակտիվորեն համբուրվում են: Համբույրի գործընթացը գիտնականներին առանձնապես է հետաքրքրում, քանի որ գործարկվում է մանրէային ֆլորայի տեղաբաշխման տեսակետից ամենախիտ բնակեցված հատվածը: Չէ որ բերանի խոռոչում բակտերիաների տարբեր տեսակներն ավելի շատ են, քան աղեստամոքսային համակարգի մնացյալ բաժիններում, եւ այս քանակը, տարբեր հեղինակների տվյալներով, կազմում է 160-ից միչեւ 300 տեսակ: Ստացվում է, որ մանրէային բնակվածության տեսակետից բերանի խոռոչը մարդկային մարմնի ամենակեղտոտ տեղն է:

Պինդ համբույրի ժամանակ միկրոօրգանիզմների ակտիվ փոխանակություն է կատարվում. ընդամենը 10 վայրկյանում տեղի է ունենում 80 մլն բակտերիաների փոխանակում: Իսկ եթե համբույրներն ավելի պարբերական են, ապա մանրէային «պարզաբանումների» արդյունքում հավասարակշռություն է հաստատվում` երկու սիրահարների մոտ էլ մանրէային բնապատկերի նմանություն: Սակայն այսպիսի մանրէային նմանության համար, ինչպես գիտնականներն են հաշվարկել, անհրաժեշտ է պինդ համբուրվել օրական 9 անգամից ոչ պակաս:

Բերանի խոռոչի էկոհամակարգը շատ բարդ է, այն կազմված է տեղական միկրոօրգանիզմներից, որոնք «մշտական հաշվառում» ունեն (աուտոհտոնային միկրոֆլորա), եւ մարդու մարմնի տարբեր անկյուններից «հավաքվածներից» (ալոտոհտոնային միկրոֆլորա):

Այս բակտերիաները (սպիրոհետներ, ռիկետսիաներ, կոկեր եւ այլն), սնկերը (այդ թվում` ակտինոմիցետները) նաեւ պարզագույն վիրուսներ են: Տարբեր հեղինակների տվյալներով` բերանի հեղուկում բակտերիաների պարունակությունը մեկ միլիլիտրում տատանվում է 43 մլն-ից մինչեւ 5,5 մլրդ: Ատամի շերտի վահանակների վրա եւ լնդերի ակոսներում (լնդի եզրի եւ ատամի մակերեւույթի միջեւ փոսը) մանրէային խտությունը եւս 100 անգամ ավելի է: Սա գրեթե 200 մլրդ մանրէային բջիջ է նմուշի մեկ գրամում:

Ինչպես հայտնի է, բերանի բակտերիաների շարքում գերակշռում են ստրեպտոկոկերը` կազմում են ամբողջ միկրոֆլորայի 30-60 տոկոսը: Դրանից բացի, բերանի մեջ իրենց հիանալի են զգում  սպիրոհետները, որոնք երկար բարակ գալարաձեւ ոլորված բջիջներով բակտերիաներ են:

Սպիրոհետները բերանի խոռոչում բնակություն են հաստատում երեխայի առաջին կաթնատամների դուրս գալու պահից եւ այդ ժամանակից ի վեր դառնում են նրա մշտական բնակիչները: Ամենահաս սնկերը նույնպես գործնականում մշտապես առողջ մարդու բերանի խոռոչում են գտնվում: Սովորաբար դրանք ակտինոմիցետներն են կամ, ինչպես նախկինում են անվանել,  «ճառագայթաձեւ սնկերը»: Դրանք արտաքինից նման են թելաձեւ  սնկերին. կազմված են բարակ ճյուղավորվող հիֆերից, որոնք միահյուսվելով աչքի համար տեսանելի սնկամարմիններ են առաջացնում:

Այսպիսով, համբույրն ինչպիսի՞ տեսք ունի մանրադիտակի տակ: Կարելի է պատկերացնել միլիարդավոր թելաձեւ կազմավորումներ, թեքվող սպիրոհետներ եւ այլ բակտերիաներ, որոնք մի օրգանիզմից մյուսն են տեղափոխվում` ընթացքում կյանքի նոր օազիսներ ստեղծելով: Սակայն արբեցնող համբույրի ժամանակ չարժի այս մասին մտածել: Նույնիսկ միկրոկենսաբաններին: