Հայաստանում, ինչպես եւ աշխարհի երկրների մեծ մասում, մանկական մահացության վիճակագրության մեջ մեծ տեղ է զբաղեցնում նորածինների մահացությունը: Սակայն նորածինների մահացության մոտ 70 տոկոսը կարելի է կանխել ժամանակին կատարված միջամտության եւ ճիշտ խնամքի շնորհիվ: Այս մասին «Փոքր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային համաժողովի բացմանը նշեց  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) երեւանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:

Նրա խոսքով`2015 թվականի Demographic and Health Survey հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է մանկական մահացության նվազման հարցում էական առաջընթացի հասնել: Սակայն, USAID-ի ներկայացուցչի խոսքով, այս ուղղությամբ երկիրը պետք է շարունակի աշխատել` ստացած արդյունքները պահպանելու եւ նորերին հասնելու համար:

Ինչպես իր հերթին նշեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, անցյալ դարի 90-ական թվականների համեմատությամբ` Հայաստանում 0-5 տարեկան երեխաների շրջանում մահացությունը 45 տոկոսով նվազել է` հիմնականում անհաս երեխաների որակական խնամքի բարելավման հաշվին: Փոխնախարարի խոսքով` վերջին տարիներին Հայաստանում շատ բան է արվել նեոնատալ խնամքի բարելավման համար. մասնագետների համար տրենինգներ են անցկացվել նրանց որակավորման բարձրացման նպատակով, մշակվել եւ ներդրվել են բժշկական ուղեցույցներ: Ձեռք բերածով չպետք է բավարարվել, սակայն սարքավորումների հետագա բարելավման համար անհրաժեշտ կլինեն լուրջ ներդրումներ` մեծ փողեր, որոնք երկիրն առայժմ չունի:

Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեխաների մոտ 10 տոկոսը անհաս է ծնվում, եւ նման երեխաների մոտ կարող են տարբեր խնդիրներ լինել ու խնամքի տարբեր տեսակների պահանջներ առաջանալ` կախված, թե նրանք ինչ ժամկետում եւ ինչպիսի քաշով են ծնվել: 1500 գրամից պակաս ծնված երեխաները համարվում են շատ փոքր քաշով նորածիններ, իսկ նրանք, որոնք 1000 գրամից պակաս են կշռում` էքստրեմալ փոքր քաշով: Նման երեխաները հատուկ խնամքի կարիք ունեն, որի ապահովման համար հիվանդանոցները պետք է ունենան թանկարժեք ժամանակակից սարքավորումներ: Նեոնատոլոգի խոսքով` մենք արդեն որոշ սարքավորումներ ունենք. օրինակ` Հայաստանում արդեն մի քանի տարի է` կիրառվում է բարձր հոսքի շնչառական աջակցությունը (օկսիգենոթերապիա), ամբողջ աշխարհում եւս այս սարքավորումը նորույթ է համարվում: