Johnson & Johnson ընկերությունների խմբի մեջ մտնող Janssen Pharmaceutical K.K. դեղագործական ընկերությունը ընդունել է Ճապոնիայում շիզոֆրենիայի տարբեր տեսակների բուժման համար նախատեսված Xeplion նոր դեղամիջոցի ընդունումից հետո 17 հիվանդի մահվան փաստը։
Ճապոնիայում նոյեմբեր ամսվանից մինչ այսօր Xeplion- ի դեղատոմսեր են դուրս գրվել 10 հազար մարդու։ Հաստատված է, որ մահը վրա է հասել միոկարդի ինֆարկտից, թոքերի էմբոլիայից եւ հեղձուկից։ Այնուամենայնիվ, նոր դեղամիջոցի գործածման եւ մահերի միջեւ ուղղակի կապը առայժմ հաստատված չէ, գրում է ճապոնական «Իոմիուրի» թերթը։
Դեղը ներարկվում է ներմկանային եղանակով եւ մոտ չորս ամիս մնում է օրգանիզմում։ Մահը վրա է հասել ներարկումից հետո երրորդից մինչեւ 40-րդ օրը։
Janssen Pharmaceutical-ը արտադրում է Xeplion-ը 2009 թվականից եւ վաճառում աշխարհի 78 երկրում։ Մահվան դեպքեր դեղի կիրարռումից հետո առաջին անգամ են գրանցվել։ Հետաքննությանը միացել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը։






