Ռուսաստանում արդեն կան նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաների համար ռոբոտներ, ժամանակն է նաեւ Հայաստանում փորձել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական բժշկական կենտրոնի (Մոսկվա) ղեկավար, ֆրանսիացի մասնագետ Պիեռ Մոնոն:

Ռուսաստանի բժշկական կենտրոններում մոտ 20 ռոբոտ կա, սակայն իրապես գործում է միայն 10-ը (համեմատության համար` Ֆրանսիայում մոտ 100 ռոբոտ կա): Դրա պատճառները մի քանիսն են: Առաջին`պետք է ունենալ բավականին լավատեղյակ անձնակազմ: Երկրորդ` ոչ բոլոր կլինիկաներն են դրանց վրա փող ծախսում, քանի որ ակնկալվող արդյունքը ոչ միշտ է հեշտ միանշանակ գնահատել: Եվ, այդուհանդերձ, այն կա. հիվանդն ավելի կարճ ժամանակ է հիվանդանոցում անցկացնում եւ ավելի արագ է նորմալ կյանքին վերադառնում: Այդ պատճառով եթե նույնիսկ նման վիրահատությունը 5 անգամ ավելի թանկ է, ապա հիվանդը 3-10 անգամ շահում է, հավելեց նա:

«Հայաստանի համար եւս նման տեխնոլոգիան կարեւոր է: Որպեսզի ցույց տան աշխարհի բժշկական քարտեզի վրա, ցույց տան, որ երկիրը փորձում է նոր տեխնոլոգիաները յուրացնել: Որովհետեւ նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը վաղվա ճանապարհն է: Դա նման է, երբ նոր օդանավակայան եք կառուցում կամ ֆուտբոլի ժամանակակից մարզադաշտ: Սա մարդկանց զգացողություն է հաղորդում, որ երկրում ինչ-որ բան առաջ է ընթանում», - հայտարարեց նա: