Քաղցկեղով հիվանդացածությունը տարեցտարի աճում է, եւ ներկայումս Մեծ Բրիտանիայում մարդիկ քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում, քան ամուսնանում են եւ երեխաներ ունենում: Այսպիսի ցնցող եզրակացություն են կատարել քաղցկեղով հիվանդների աջակցության Macmillan Cancer Support բարեգործական միության մասնագետները:
Նրանց տվյալների համաձայն` 2014 թվականին Մեծ Բրիտանիայում գրացվել է քաղցկեղի 360,216 նոր դեպք, եւ նույն ժամանակահատվածում երկրում կազմավորվել է 280,841 նոր ընտանիք: Մարդկանց թիվը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել, գերազանցում է նաեւ այն մարդկանց թիվը, որոնք համալսարան են ավարտել եւ առաջին երեխային ունեցել: Հետազոտության համաձայն` 2015 թվականին Անգլիայում եւ Ուելսում 270,050 նորածին է ծնվել այն կանանց մոտ, որոնք առաջին անգամ են մայրիկ դարձել, իսկ նույն ժամանակահատվածում քաղցկեղով է հիվանդացել 319,011 մարդ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարիներին չարորակ նորագոյացությունների հետ բախվել է 65 տարեկանից փոքր 1,2 մլն մարդուց ավելին: Այդ թվում` 343 հազար մարդ Մեծ Բրիտանիայում, որոնք 2006-ից 2015 թվականների ժամանակահատվածում հիվանդացել են 20-ից մինչեւ 50 տարեկանում:
Հաշվետվության հեղինակներն ընդգծում են, որ երբ մարդուն հայտնում են իր մոտ ուռուցքի առկայության մասին, նրա ամբողջ կյանքը փոխվում է, եւ շատերն իրենց մահվան դատապարտված հանցագործի նման են զգում: Քաղցկեղն անկասկած կյանքը փոխում է, սակայն պարտադիր չէ, որ մահվամբ ավարտվի, ընդգծում են գիտնականները: Քաղցկեղի շատ տեսակների դեպքում ողջ մնալու հավանականությունն աճում է գիտության եւ բժշկության զարգացմանը զուգահեռ:
Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ մարդկանց 37 տոկոսը վախենում է քաղցկեղի հետ բախվելուց, 7 տոկոսը` կաթվածից, 4 տոկոսը` սրտի հիվանդություններից եւ դեպրեսիայից, 2 տոկոսը` ցրված սկլերոզից: Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 10-րդ բնակչի համար քաղցկեղը ամենամեծ երկյուղն է. քաղցկեղից մարդիկ անգամ ավելի շատ են վախենում, քանի մտերիմ մարդու կորստից կամ ահաբեկչական գործողությունից:
Նշենք, որ գիտնականների կարծիքով` ապագայում ուռուցքներին կբախվի մեր մոլորակի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը:






