Ռինոպլաստիկան մնում է ամենապահանջված վիրահատությունը կովկասյան երկրներում՝ այդ թվում Վրաստանում ու Հայաստանում։  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Կուզանովը (Վրաստան)։

Նրա խոսքով, էսթետիկ վիրաբուժությունն աշխարհում սկսվել է հենց ռինոպլաստիկայից ու զարմանալի չէ, որ այն առայսօր մնում է այդքան պահանջված, հատկապես՝ Կովկասում, որտեղ շատերը բավականին մեծ քիթ ունեն։ Հետաքրքիր է, որ այսօրվա ռինոպլաստիկան նույնը չէ, ինչ տարիներ առաջվանը։ Պլաստիկ վիրաբույժի խոսքով, ռինոպլաստիկան երբեք նույն տեղում չի դոփում՝ այն անընդհատ զարգանում է, հայտնվում են նոր մեթոդաբանություններ ու տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստանալ ավելի կայուն ու բնական արդյունքներ։

Օրինակ՝ վերջերս ռինոպլաստիկայում սկսել են կիրառել ուլտրաձայնային պյեզո- սարքեր, եթե նախկինում քթի ոսկորը ստիպված էին կտրել ու փոքրացնել մուրճի օգնությամբ, ապա հիմա դա կարելի է անել այս սարքով, որը հեռացնում է ոսկորի ավելորդ մասերը ուլտրաձայնի օգնությամբ՝ միաժամանակ չվնասելով ոչ քթակռճիկները, ոչ փափուկ հյուսվածքները։

 Երկրորդ տեղում աուգմենտատիվային մամոպլաստիկան է ՝ կրծքի մեծացման վիրահատությունները։ Այդ վիրահատությունները, վիրաբույժի խոսքով, այսօր պահանջված են ամբողջ աշխարհում, քանի որ շատ կանայք բարդույթներ ունեն իրենց կրծքի չափսերի պատճառով ու ուզում են մեծացնել այն։ Բացի դրանից մամոպլաստիկան նաեւ ակտիվ գովազդվում է լրատվամիջոցներով, ու դա նման վիրահատություններն ավելի պահանջված է դարձնում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ դրանց գները նվազում են, այդ թվում Կովկասի երկրներում։

Պահանջվածությամբ երրորդ տեղում լիպոսակցիան է։ Վիրաբույժը նշեց, որ շատերը ամենեւին ճիշտ չեն պատկերացնում այդ վիրահատությունը՝ նրանք չգիտեն, որ լիպոկսացիան կազմվածքի կոռեկցիայի, այլ ոչ թե ավելորդ քաշի դեմ պայքարի մեթոդ է։ Կովկասյան երկրներում լիպոկսացիայի օգնությամբ հաճախ են ուղղում կոնքերի ու որովայնի ձեւը, ընդ որում որովայնի վիրահատությունները, ինչպես նշեց վիրաբույժը, պահանջված են ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց շրջանում։