Նորածնի օրգանիզմում, հատկապես եթե նա անհաս է ծնվել, ջերմակարգավորման մեխանիզմները դեռեւս մինչեւ վերջ զարգացած չեն, այդ պատճառով հաճախ անհաս երեխաները բախվում են հիպոթերմիայի հետ` խնդիր, որը հաճախ անտեսում են, եւ որը կարող է ծանր խնդիրների ու նույնիսկ մահվան հանգեցնել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց նեոնատոլոգ Նոդիրա Կասիմովան (Ուզբեկստան):
Նորածնի հիպոթերմիան այնպիսի վիճակ է, որի դեպքում երեխայի մարմնի ջերմությունը տարիքային նորմայից ցածր է` 36,4°C-ից պակաս: Մասնագետի պարզաբանմամբ` հիպոթերմիան կարող է դառնալ անհաս երեխաների բազմաօրգանային անբավարարության պատճառ, դրա հետեւանքով կարող են տուժել նաեւ սիրտ-թոքային համակարգը, աղիները, երիկամները եւ ուղեղը: Եթե հիպոթերմիան չշտկվի, այն կարող է նույնիսկ երեխայի մահվան պատճառ դառնալ:
«Հիպոթերմիան, որպես խնդիր, որը կարող է առաջանալ անհաս երեխաների մոտ, հաճախ աչքաթող է արվում: Մենք կարող ենք երեխային լավագույն դեղեր նշանակել, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, բայց եթե երեխան մրսի, եթե նրա մոտ հիպոթերմիա լինի, մենք կարող ենք նրան կորցնել»,- նշեց նեոնատոլոգը:
Նրա խոսքով`երեխայի մոտ հիպոթերմիա կարող են առաջացնել այնպիսի գործոններ, որոնց մեզնից շատերը ուշադրություն չեն դարձնում. օրինակ` ծնարանում կամ վերակենդանացման բաժանմունքում օդի ցածր ջերմաստիճանը կամ բարուրելու սառը սեղանը:
Հիպոթերմիայի կանխարգելման համար անհաս երեխա ծնվելու դեպքում խորհուրդ է տրվում հետեւել միմյանց կապված գործողությունների հերթագայությանը. երեխայի կյանքի առաջին վայրկյանից խորհուրդ է տրվում սենյակներում համարժեք ջերմաստիճան ապահովել: Ցանկալի է նորածնին անմիջապես չորացնել տաք խանձարուրով եւ դնել մոր կրծքին` նրա թիկունքը ծածկելով չոր եւ տաք խանձարուրով: Եթե անհրաժեշտ է երեխային այլ կլինիկա տեղափոխել, խորհուրդ է տրվում պահպանել ռեանիմոբիլի ջերմաստիճանային ռեժիմը:
Եթե անհրաժեշտ է երեխային մահճակալի կամ ինկուբատորի մեջ դնել, խորհուրդ է տրվում պահպանել սենյակի օդի ճիշտ ջերմաստիճանը եւ երեխայի ջերմությունը չափել յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ:
Նշենք, որ հիպոթերմիայից խուսափել է օգնում նաեւ Կենգուրուի մեթոդի օգտագործումը:






