Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցությունը պատրաստ է Հայաստանում բուժարան բացել սոցիալապես անապահով բնակչությանը անվճար սպասարկելու նպատակով։ Այս մասին ասել է ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիան ՀՀ առողջապահության նաժրարա Լեւոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ արդեն 95 տարի գործող «Կարմիր մահիկն» ունի 2 մլն կամավոր եւ 9 հազար հաստիքային աշխատող։ Աշխարհի շատ երկրներում ներկայացված  ընկերակցությունը, բացի աղետների ռիսկի նվազեցմանը եւ արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքմանը, նաեւ տարբեր երկրներում գործող կլինիկաներ, բուժարաններ ու հեմոդիալիզի կենտրոններ ունի։ 

«Անհրաժեշտ  սարքավորումներով ու դեղորայքով ապահովված մեր բուժարաններն անվճար սպասարկում են սոցիալապես անապահով բնակչությանը»,-նշել է Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին` հավելելով, որ պատրաստ են նման ծրագիր սկսելու եւ զարգացնելու նաեւ Հայաստանում։

Բարձր գնահատելով ինչպես «Կարմիր մահիկի» ընկերակցության բարեսիրական գործունեությունը, այնպես էլ Իրանում առողջապահության ոլորտի առաջընթացը` Լեւոն Ալթունյանը պարաստակամություն է հայտնել նպաստելու հարեւան երկրի հետ առողջապահության  ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ դեղերի արտադրության, բժշկական պարագաների ու դեղերի ներկրման եւ արտահանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւս առողջապահության ոլորտում երկու երկրի միջեւ արդեն իսկ զարգացող փոխգործակցության  ընդլայնմանը նպաստելու իր ցանկությունն է հայտնել։

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ կքննարկվեն Հայաստանում բուժարան բացելու իրանցի գործընկերների կողմից ներկայացված ընդունելի առաջարկի մանրամասներն ու կազմակերպական հարցերը։