Իրանական Varan Parto Darman ընկերությունը Հայաստան է բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը։ Այս մասին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադփանահը։

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը եւ դրա իրանկանացման արագությունը լավ անակնկալ է»,-ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։

Մոհամմադ Հոջադփանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։

«Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,-ասել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաեւ կենտրոնի վեց մասնագետ Իրանում վերապատրաստվել է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով  ՀՀ  քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու եւ իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։

«Մենք պատրաստ ենք ուռուցքաբանության ոլորտում ձեզ հետ համագործակցությունը հասցնելու առավելագույն արդյունավետության։ Դա նշանակում է ուռուցքային հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման աճ եւ մահացության կրճատում, ինչպես նաեւ հիվանդացության նվազում»,-ասել է Լեւոն Ալթունյանը։

Հիշեցնենք, որ Varan Parto Darman ընկերությունը Իրանում ամերիկյան Varian Medical Systems ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչն է, իսկ վերջինն աշխարհում առաջատարն է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության, պրոտոնային թերապիայի ու բրախիթերապիայի համար նախատեսված բուժսարքավորումների ու ծրագրային ապահովման արտադրության ոլորտում:

2016 թվականի սեպտեմբերին Երեւանում Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու իրանական Varan Parto Darman ընկերությունը համագործակցության Հուշագիր էին ստորագրել, որի շրջանակում հայ մասնագետները պետք է վերապատրաստում անցնեին Թեհրանում, եւ իրանական կողմի ներդրումների շնորհիվ Հայաստանում հիմնված Varan Armenia ընկերությունը կես տարվա ընթացքում ճառագայթային թերապիայի համար նոր սարքավորում պիտի ստանար ամերիկյան Varian –ից։