Երեւանի Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում 2014 թվականի մարտից կիրառվում է լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի առանձնահատկությունն այն է, որ նրանից կարող են օգտվել  բարակ եղջրենիով եւ բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաեւ շնորհիվ  այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնի «Նորագույն ախտորոշման եւ լազերային թերապիայի» բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը:

Պահպանելով LASIK  եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK  նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ:  Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձեւավորումը  կատարվում  է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական ներգործության:

FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձեւել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ եւ հյուսվածաբանությամբ: Ի տարբերություն մյուս մոդելների, այս   լազերը հնարավորություն ունի մի քանի միկրոնի ճշտությամբ  ֆոկուսավորել եղջրենին  ցանկացած խորության վրա:  Շուկայում ներկայացված բոլոր ֆեմտովայրկյանային լազերների համեմատ՝ այն պահանջում  է  լաթի ձեւավորման ամենակարճ ժամանակահատվածը:

FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ: FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերի օգտագործման ժամանակ եղջրենու լաթի եզրերը ձեւավորվում են սուր անկյան տակ, ինչը թույլ է տալիս ավելի կրճատել վերականգնման շրջանը եւ խուսափել բարդությունների առաջացումից:

Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ միջամտությունը դառնում է շատ ավելի անվտանգ եւ նվազում հետվիրահատական բարդությունների հավանականությունը:

Ֆեմտո-LASIK  եղանակի առավելություններն են.

• Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK  եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երեւույթների առաջացման նվազագույն հավանականությամբ եւ կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն:

• Ֆեմտո-LASIK  լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջեւ մթության զգացումը:

• Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում:

• Մակերեսային լաթի ձեւավորման ժամանակ կտրվածք չի արվում:

• Եղջրենու լաթը ձեւավորվում է ընդամենը վայրկյանում:

• Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը:

• Կիրառման լայն շրջանակ:

• Թույլ է տալիս ապահովել լավ տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ, գիշեր, անձրեւ կամ մառախուղ/:

• Եղջրենու լաթի անհատականացում:

Ս.Վ.Մալայանի անվ.ակնաբուժական կենտրոնը չի բավարարվում ձեռք բերածով, այլ քայլում է առաջ՝ անընդմեջ ներդնելով կարճատեսության,  հեռատեսության եւ աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները:

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման  9-ամյա փորձ: 2005  թ.-ից ի վեր կենտրոնում  իրագործվել են ավելի քան   6 800  լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK  /: 2010 թ.-ին առաջինը Հայաստանում կենտրոնի՝ «Ախտորոշիչ եւ լազերային բուժման» բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում  LASIK  եղանակով: