ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին, հիվանդանոցի թողունակությանն ու ընթացքիկ աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Տնօրեն Արա Մինասյանը համառոտ ներկայցնելով կենտրոնի ստեղծման եւ զարգացման պատմությունը` մանրամասնել է վերջին տարիներին ծավալված նոր ծառայությունների, իրականացված ներդրումային ծրագրերի մասին, որոնց շնորհիվ ողջ համալիրն արդիականացվել ու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Դրանով մեծապես բարձրացել է ինչպես ախտորոշիչ հետազոտությունների, այնպես էլ բուժման որակն ու արդյունավետությունը։
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել հիվանդների բուժման ընթացքին։ Այստեղ առանձնակի ուշադրության կենտրոնում է նաեւ վերջին տարիներին կազմավորված մանկական սոմատիկ բաժանմունքը, որտեղ բարձրակարգ մասնագետներով ապահովվածությունից բացի հարմարավետ պայմաններ են ստեղծվել փոքրիկների համար։
Տնօրենն առանձնակի հպարտությամբ է ներկայացրել նաեւ համալիրի ծննդատունը, որը նույնպես վերջին տարիներին ապահովվել է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Տեխնիկապես հագեցված վերակենդանացման բաժանմունքի առկայությունը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունն ու մասնագետների մեծ թիմով հերթապահությունները շահառուների վստահության հիմք են դարձել։
Լեւոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնի արդյունավետ կառավարման կապակցությամբ, ինչի արդյունքում ապահովվում են ոչ միայն բազմապրոֆիլ հիվանդանոցի ամենօրյա անխափան գործունեությունը, այլեւ մշտական զարգացումը։






