Մեզանից շատերը հարդարաքնի պարագաներ են գնում լավ տեսք ունենալու եւ լավ զգալու համար: Սակայն այդպիսի միջոցներում առկա որոշ բաղադրիչներ ավելի շատ վնաս կարող են պատճառել, քան օգուտ, ասում է հոլիստիկ բժշկության մասնագետ Ժակլին Բենքսը Fox News ալիքով:
Մարկետինգի սկզբունքներին հետեւելով՝ արտադրող ընկերությունները նշում են, որ միջոցը միանգամայն անվտանգ է, ինչն իրականում այդպես չէ:
Պարագաների վրայի «հիպոալերգիկ» կամ «բնական» գրառումները չեն վերահսկվում կառավարության որոշումներով, այնպես, որ ընկերությունները ազատ կարող են օգտագործել այս հասկացությունները ըստ իրենց հայեցողության:
Որոշ մազերի եւ մարմնի լվացման միջոցներ, թարթիչների սոսինձներ պարունակում են ֆորմալդեհիդ, որն օգտագործվում է բակտերիաների բազմացումը ջրային միջավայրում կանխարգելելու համար, ինչպես նաեւ օգնում է մազերը մետաքսյա եւ հարթ դարձնել: Ֆորմալդեհիդը ներծծվում է մաշկից, ինչպես նաեւ այն կարելի է ներշնչել՝ միջոցը օգտագործելիս : Համաձայն «Անվտանգ կոսմետիկ միջոցների շարժման» տվյալների, կոսմետիկ միջոցների մեջ առկա ֆորմալդեհիդի մեծ քանակը կարող է առաջացնել մաշկային ռեակցիաներ եւ ցանավորում, իսկ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունն ու ԱՄՆ Ազգային թունաբանական ծրագիրն այն համարում են քաղցկեղածին:
Ֆտալատը քիմիական նյութ է, որն օգտագործվում է պլաստմասսային ճկունություն հաղորդելու համար: Բայց այն նաեւ օգտագործվում է բազմազան միջոցների բուրմունքների կայունությունը ապահովելու համար, ներառյալ՝ լոսյոններ, փոշիներ, եղունգների լաքեր, մազերի լաքեր եւ շամպուններ: Կաթնագեղձի Քաղցկեղի հիմնադրամը նշում է, որ ֆտալատներն առաջացնում են էնդոկրին խանգարումներ, բնածին արատներ, անպտղություն, ասթմա եւ ճարպակալում նորածինների մոտ:
Պարֆյումը որպես կանոն ոչ այլ ինչ է, քան քիմիական միացությունների համադրություն: Օծանելիքների արդյունաբերությանը թույլատրված է կառավարել իրենց արտադրանքը առանց անվտանգության արտաքին վերահսկման: Հաճախ «բուրմունք» գրառումով արտադրանքն իրականում պարունակում է ֆտալատներ, պարաբեններ եւ այլ քիմիական նյութեր: Էկոլոգիական աշխատանքային խումբը հայտնաբերել է, որ նման օծանելիքը կարող է առաջացնել դերմատիտ, շնչառական դիսթրես, ալերգիա, եւ նույնիսկ ազդել վերարտադրողական համակարգի վրա:
Նման խնդիրներից խուսափելու համար ուշադիր ուսումնասիրեք արտադրանքի պիտակը: Բաղադրիչների երկար ցուցակով միջոցների փոխարեն ընտրեք ձեզ ծանոթ բաղադրիչներով միջոց: Էկոլոգիական աշխատանքային խումբը ստեղծել է Skin Deep կոսմետիկ տվյալների բազա, որի մեջ կա ձեզ հետաքրքրող կոսմետիկ միջոցների մասին բոլոր տվյալները:






