Հայաստանի բնակչությունը չի համարում, որ բժշկական ապահովագրությունը կարող է լուծել Հայաստանի առողջապահության խնդիրները, նաեւ չի հավատում, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում։ NEWS.am Medicine –ի հարցումները ցույց են տվել, որ այդ ոլորտի հանդեպ բնակչության վստահությունն այնքան ցածր է, որ նույնիսկ e-Health-ի կամ ապահովագրության նման առաջադեմ թվացող նորամուծությունները մարդիկ առանց առանձնահատուկ ոգեւորության են ընդունում։

Եվ այսպես, չնայած ԱՆ վստահեցումներին այն մասին, որ էլեկտրոնային առողջապահությունը համակարգը շատ ավելի թափանցիկ կդարձնի, NEWS.am Medicine-ի հարցման մասնակիցների ընդամենը 14 տոկոսն է (85 մարդ) համամիտ, որ այն նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը։ e-Health-ից մասնակիորեն նման արդյունք են ակնկալում հարցման մասնակիցների 23տոկոսը (139 մարդ), 13 տոկոսը (78 մարդ) չգիտի, թե այն ինչ արդյունք կունենա, իսկ տվյալ նորամուծության դրական արդյունքին չի հավատում հարցման մասնակիցների 50 տոկոսը (299 մարդ)։ Հարցմանը մասնակցել է ընդամենը 601 մարդ։

Ինչ վերաբերում է ապահովագրությանը, հարցման մասնակիցների 21 տոկոսն է  (186 մարդ ) համամիտ, որ այդ նորամուծությունը կարող է լուծել առողջապահության ոլորտի խնդիրները, ապահովագրության մասնակի արդյունքին հավատում է 35 տոկոսը (317 մարդ), պատասխանի հարցում չի կողմնորոշվել 5 տոկոսը (41 մարդ)։ Իսկ մեծամասնությունը ՝ 40%-ը (357 մարդ), համարում է, որ բժշկական ապահովագրության ներդրումը ոչինչ չի փոխի։ Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 901 մարդ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱՆ-ն անոնսել է լայնածավալ բարեփոխումներ առողջապահության ոլորտում, այդ թվում՝ ծախսերի կրճատումից բացի նաեւ e-Health համակարգի ներդրում ու աստիճանական անցում ապահովագրական բժշկությանը։ Եվ այսպես, արդեն հիմա, ինչպես հայտնում է նախարարությունը, պետպատվերով բոլոր վճարումները արվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, իսկ հետագայում դրանում պետք է ներառվեն բոլոր բժշկական հաստատություներն ու ծառայությունները։ Ինչ վերաբերում է ապահովագրությանը՝ ապա առաջին քայլն է դառնալու սոցփաթեթների փոխանցումը ապահովագրական ընկերություններին արդեն այս տարվա ընթացքում, իսկ հաջորդ տարվանից պետական ապահովագրական պոլիսներ կստանան երկրի սոցիալապես անապահով քաղաքացիները, որից հետո 2020-ին կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը։