Կանադացի եւ ամերիկացի հետազոտողները պնդում են, որ թեթեւակի սթրեսը կարող է օգտակար լինել ավտոմեքենա վարել սովորող դեռահասների համար:

Գիտնականները հայտնաբերել են, որ այն դեռահասները, ում մոտ սթրեսի ժամանակ կորտիզոլ հորմոնի մակարդակը բարձրացել է, մեքենա վարելու առաջին ամիսների ընթացքում ավելի քիչ են ենթարկվել վթարների եւ հայտնվել վթարային իրավիճակներում, քան իրենց հասակակիցները, հաղորդում է Fox News-ը:

Ավտոմոբիլային վթարները ԱՄՆ-ում հանդիսանում են դեռահասների մահվան համար մեկ պատճառը, հաղորդում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ ավտոմոբիլային վթարներից նաեւ հաճախ մահանում են 15-29 տարեկան երիտասարդները:

Քվեբեկի (Կանադա) Շերբրուկ համալսարանի հանրային առողջության դասախոս Մարի-Քլոդ Օյմետը եւ իր գործընկերները իրենց գիտական աշխատանքի համար Վիրջինիայում 42 դեռահասների մեքենաներում տեղադրել են տեսախցիկներ, արագացում չափող սարք, GPS եւ մեքենայի վազքը չափող սարք՝ վարման առաջին 18 ամիսների ընթացքում վթարների եւ երթեւեկության կանոնների խախտումները գրանցելու համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան դեռահասի մոտ կորտիզոլի մակարդակի փոփոխություններն ավելի զգայուն են սթրեսի հանդեպ, այնքան ավելի քիչ վթարներ եւ խախտումներ է նա թույլ տալիս:

Սա ցույց է տալիս, որ դեռահասների մոտ սթրեսի հանդեպ ռեակցիան ուղղակիորեն կապված է վթարների եւ խախտումների վտանգի հետ, հետազոտությունն ուղեկցող խմբագրական հոդվածում գրում է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի վնասվածքների հետազոտման եւ կանխարգելման կենտրոնի բժիշկ Դեննիս Դուրբինը եւ իր գործընկերները: