Տոկիոյում 106 տարեկանում կյանքից հեռացել է բժիշկ Սիգեակի Հինոհարան, որը շարունակում էր աշխատել նույնիսկ 100-ամյակը տոնելուց հետո: Նրան Ճապոնիայում ակտիվ երկարակեցության խորհրդանիշ էին համարում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Հինոհարան Սուրբ Լուկայի Միջազգային կլինիկայի գլխավոր բժիշկն է եղել, տնօրենների խորհրդի նախագահը, պատվավոր գլխավոր բժիշկը: Բժշկին մեծ ճանաչում է բերել «Ապրել ունակությամբ» գիրքը, որի տպաքանակը գերազանվել է 1.2 մլն օրինակը: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում բուժմանը թիմային մոտեցում ցուցաբերելուն, ինչին հասնելու համար զբաղվում էր բուժքույրերի կրթությամբ ու դաստիարակությամբ: Նա առաջիններից էր, ով ապացուցել է առողջ կենսակերպի, կյանքի հանդեպ դրական հայացքների եւ ակտիվ երկարակեցության միջեւ կապը:

«Իմ առաքելությունն եմ համարում գիտելիքներ փոխանցել այն մասին, թե ինչպես պետք է առողջ պահել ոչ միայն մարմինը, այլեւ հոգին»,- 2005 թվականի հարցազրույցներից մեկում ասել է բժիշկը:

88 տարեկանում նա մյուզիքլի համար սցենար է գրել ու ինքն էլ դեր ստանձնել դրանում: 90 տարեկանում իրականացրել է երազանքն ու հանդես եկել որպես նվագախմբի դիրիժոր: Անցյալ տարվա աշնանը նա տոնել է 105-րդ տարեդարձը՝ հյուրերի հետ Թայվան մեկնելով:

Սիգեակի Հինոհարան մահացել է հուլիսի 18-ի առավոտյան, շնչառական անբավարարությունից: