Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի եւ Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջեւ համագործակցությունը առավել բարենպաստ պամաններ է ստեղծում արյան մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ հեմոֆիլիայի, թալասեմիայի եւ լիմֆոմայի ախտորոշման ու բուժման նոր մեթոդների ներդրման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը:

Նրա խոսքով՝ այսօր գենետիկ հետազոտություններն ահռելի դերակատարում ունեն հիվանդությունների մեծ մասի, այդ թվում՝ արյան հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մեջ: Ժամանակակից դեղերից շատերն ազդում են մոլեկուլյար մակարդակում, ուստի գենետիկ թեստավորումը, որը մոլեկուլյար մակարդակում հիվանդությունն ավելի լավ հասկանալու հնարավորություն է տալիս, կարող է օգնել ավելի ճիշտ բուժում ընտրելու հարցում, որը լավագույն արդյունք կունենա: Երկու կենտրոնների միջեւ համագործակցության շնորհիվ արյան հիվանդություններով տառապող հայ հիվանդները նման թեստավորման եւ դրանց հիման վրա բուժման ավելի ընդլայնված հնարավորություն են ստանում:

Ինչպես իր հերթին նշեց Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը, այս համագործակցության շրջանակում հասանելի կլինեն նաեւ հետազոտական այն մեթոդները, որոնք թույլ են տալիս հիվանդների մոտ հայտնաբերել գենետիկ փոփոխությունները, որոնք նրանց բուժման նկատմամբ ռեզիստենտ են դարձնում, ինչպես նաեւ փոփոխությունները, որոնց հետեւանքով հիվանդները ընդգրկվում են այս կամ այն հիվանդության առաջացման ռիսկի խմբում: Ավելին՝ գենետիկ թեստավորումը կարող է նաեւ կարեւոր դեր ունենալ Հայաստանում փոխպատվաստաբանության մեջ. դրա օգնությամբ հնարավոր կլինի, օրինակ, որոշակի դոնորական հիմերիզմ անցկացնել:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 18-ին, Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը եւ Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում կենտրոնները մասնագիտական տեղեկություններ, գրականություն եւ մեթոդաբանական նյութեր կփոխանակեն: Անհրաժեշտության դեպքում նրանք նաեւ միմյանց լաբորատոր սարքեր կտրամադրեն, համատեղ կիրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, գիտաշխատությունները եւ սեմինարներ կանցկացնեն: