Հոմեոպաթիան պլացեբոյից արդյունավետ չէ՝ այսպիսի եզրակացության են եկել փորձագետները Ավստրալիայում կատարված հետազոտությունից հետո:
Ավստրալիայի առողջապահության եւ բժշկական հետազոտությունների հարցերով ազգային խորհուրդը (NHMRC) վերլուծել է 68 հիվանդությունների բուժման մեջ օգտագործվող այլընտրանքային դեղամիջոցների արդյունավետության հետազոտության արդյունքները եւ եկել է եզրակացության, որ «հավաստի տվյալներ չկան, որ հոմեոպաթիան օգնում է նրանց բուժման ժամանակ», հաղորդում է Daily Mail-ը:
Բժշկական փորձագետների աշխատանքային հանձնաժողովի ամփոփումը ցույց է տվել, որ հոմեոպաթիկ մեթոդը ոչ մի արդյունք չի տալիս ասթմայի, արթրիտի, քնի խանգարման, հարբուխի եւ գրիպի, քրոնիկ հոգնածության համախտանիշի, էկզեմայի, խոլերայի, այրվածքների, մալարիայի եւ հերոինային կախվածության բուժման ժամանակ:
Նոր Հարավային Ուելսի բժշկական համալսարանի վաստակավոր դասախոս եւ իմունոլոգ Ջոն Դուայերը Guardian Australia թերթին ասել է, որ «հոմեոպաթիկ բուժումը պետք է մեկընդմիշտ դադարեցնել»:
«Դա նույնն է, ինչ պլացեբո էֆեկտը: Որոշ հիվանություններ մարդու օրգանիզմը ամեն դեպքում ինքնուրույն կարող է հաղթահարել, սակայն նրանք ընկնում են թակարդը՝ հավատալով, որ առողջացել են, ընդունելով իրենց հաբերը: Մենք համարում ենք, որ բարոյական չէ հիվանդներին պլացեբո նշանակել»,- հայտարարել է նա:






