Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ամենեւին էլ պարտադիր չէ մինչեւ վերջ ընդունել հակաբիոտիկների կուրսը՝ այդպիսով կասկածի տակ դնելով բժշկական պրակտիկայում գոյություն ունեցող տեսակետը: Բրիտանացի 10 առաջատար մասնագետների նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal (BMJ) պարբերականում:
Գիտնականների խոսքով՝ ապացույցներ չկան, որ դեղորայքի ընդունումը դադարեցնելը հանգեցնում է հակաբիոտիկների նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության:
Հակառակը, նրանց տվյալներով, հակաբիոտիկների հանդեպ կայունության վտանգը կարող է կապված լինել հենց հակաբիոտիկների երկարատեւ ընդունման հետ: Գիտնականներն առաջարկում են լրացուցիչ հետազոտություն անցկացնել եւ հիվանդներին խորհուրդ են տալիս որոշ դեպքերում դադարեցնել դրանք ընդունել, երբ ավելի լավ են զգում իրենց:
Մասնագետների հավաստմամբ՝ հակաբիոտիկների ընդունման կարճ կուրսերը՝ 3 կամ 5 օր, կարող են միանգամայն արդյունավետ լինել: Սակայն կան հիվանդություններ, որոնց դեպքում երկարատեւ կուրս է անհրաժեշտ, օրինակ՝ տուբերկուլյոզի եւ ՁԻԱՀ-ի:
Հետազոտության հեղինակները բժիշկներին խորհուրդ են տալիս ավելի մանրակրկիտ եւ անհատական մոտեցում ցուցաբերել հիվանդներին հակաբիոտիկներ նշանակելիս՝ մանրամասն ուսումնասիրելով յուրաքանչյուր դեպք:
Բրիտանացի թերապեւտները, սակայն, նշում են, որ քանի դեռ բժշկական պրակտիկան չի փոխվել, նախկինի պես հիվանդներին խորհուրդ է տրվում ավարտել սկսած կուրսը: Պրոֆեսոր Հելեն Սթոքս-Լեմփարդի խոսքով՝ չնայած նոր եզրահանգումների կարեւորությանը, միայն մեկ հետազոտության հիման վրա բժշկական պրակտիկայում լուրջ փոփոխությունների մասին խոսել պետք չէ:
«Մենք անհանգստանում ենք հիվանդների պահվածքով, որոնք բուժման կուրսի կեսից դադարում են դեղորայք ընդունել, քանի որ իրենց «լավ են զգում»: Ախտանշանների վերանալը դեռեւս չի նշանակում, որ վարակն ամբողջությամբ ոչնչացել է»,- նշել է նա:
Հակաբիոտիկների ընդունումը ժամկետից շուտ դադարեցնելու վտանգավորության մասին 70 տարի առաջ նախազգուշացրել է բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը, որը բացահայտել է առաջին հակաբիոտիկ պենիցիլինը:
Նա նշում էր, որ այն հիվանդները, որոնք դեղամիջոցի ցածր չափաբաժին են ընդունում, կարող են վտանգավոր վարակների փոխանցող դառնալ:
Վիճակագրության համաձայն՝ Բրիտանիայում ամեն տարի շուրջ 12 հազար մարդ է մահանում հակաբիոտիկների հանդեպ կայուն վիրուսներից: Սա ավելին է, քան կրծքի քաղցկեղից մահացողների թիվը:
ՄԱԿ-ի անդամ 193 երկրները հռչակագիր են ստորագրել, որում պարտավորվել են աշխարհն ազատել դեղորայքի հանդեպ կայուն սուպերբակտերիաներից:






