Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բնակվող 7-ամյա Շայլո Քալվերթը տառապում է հազվագյուտ խանգարմամբ, որի հետեւանքով նրա փարթամ մազերն անհնար է սանրել: Սակայն ինքը աղջիկը ուրախ է, որ սանրվածքն իրեն մյուսներից տարբերում է:
Շայլոն տառապում է չսանրվող մազերի համախտանիշով (Uncombable Hair Syndrome), որը նրան փոքր-ինչ նմանեցնում է «Հետ դեպի ապագա» ֆրանշիզայից Դոկ Բրաունին: Սա անչափ հազվագյուտ համախտանիշ է. մասնագետների խոսքով՝ բժշկական գրականության մեջ նկարագրված է այսպիսի 100-ից ոչ ավելի դեպք: Շայլոյի ծնողները որքան էլ ջանք ու էներգիա են ծախսել աղջկա սանրվածքի վրա, միեւնույն է՝ նրա մազերն անհնազանդ են: Աղջկա ազգականները համախտանիշի գոյության մասին ոչինչ չգիտեին, մինչեւ 9 ամիս առաջ այս մասին նրանց չհայտնեց բժիշկը:
Աղջիկն իր վիճակի պատճառով չի բարդույթավորվում: Հակառակը՝ նա մեծ հաճույքով է որսում փողոցում իր վրա հառված անծանոթ մարդկանց հայացքները, որոնք հաճախ կանգնում են նրա սանրվածքի կապակցությամբ որեւէ դիտողություն անելու համար: Երբ աղջկա ծնողներն ասում են, որ նրա մոտ առկա է չսանրվող մազերի համախտանիշը, մարդկանց մեծ մասը կարծում է, թե նրանք կատակում են: Սակայն սա իրապես գոյություն ունեցող համախտանիշ է, որի պատճառը PADI3, TGM3 եւ TCHH գեներից մեկի մուտացիան է: Այս համախտանիշն անբուժելի է, չնայած դրանով տառապող մարդկանց մազերը տարիքին զուգահեռ ավելի հնազանդ են դառնում: Համախտանիշը մարդու առողջության վրա որեւէ ձեւով չի ազդում, միայն նրա մազերի վրա է ազդում:
Ինքը աղջիկն արդեն երազում է մոդել դառնալու մասին, իսկ նրա ծնողները հույս ունեն, որ Շայլոն կկարողանա առաջ մղել այս հազվագյուտ խանգարմամբ տառապող մարդկանց դրական կերպարը: Փոքրիկը գրավում է լուսանկարիչների ուշադրությունը, որոնք մեծագույն հաճույքով են ֆոտոշարքերն անցկացնում: Որոշ լուսանկարներ արդեն համացանցում եւ տպագիր պարբերականներում են հայտնվում:








