Հայաստանի վարչական դատարանը հուլիսին մի շարք վճիռներ է կայացրել այն դեղատների օգտին, որոնք բողոքարկել են 2016-ի վերջին «չգրանցված դեղամիջոցների իրացման համար» Առողջապահական պետական տեսչության կողմից նշանակված տուգանքները։

Ըստ Datalex կայքի, բավարարվել են «Վագա ֆարմ» (300 000 դրամ տուգանք) ու «Ալֆա ֆարմ» (100 000 դրամ տուգանք), դեղագործական ընկերությունների հայցերը, որոնք ունեն նաեւ դեղատների ցանցեր, նաեւ «Շիրվան» ԲԲԸ-ին (100 000 դրամ) ու «Խաչունց Գրուպին» (900 000 դրամ) պատկանող դեղատների հայցերը։ Եւս մի քանի գործերով դատարանը վճիռ կկայացնի օգոստոսի ընթացքում։ Պատասխանող կողմը՝ Առողջապահական պետական տեսչությունը, օրենքով կարող է Վարչական դատարանի վճռի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում բողոքարկել այն։

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Առողջապահական պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի մի շարք դեղատներում ու նրանց տուգանք նշանակել։ Ըստ ԱՆ տեղեկանքի, ստուգումների ընթացքում 47 կազմակերպություններում հայտնաբերվել են 196 անվուն Հայաստանում չգրանցված դեղեր։ 45 կազմակերպությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են տուգանքներ՝ 6 780 000 դրամ ընդհանուր գումարով։ Որոշ դեղատներ վճարել են տուգանքները, բայց ավելի քան 20-ը դատարան են դիմել։

Դեղատների սեփականատերերը վստահեցնում էին, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից չգրանցված ճանաչված դեղամիջոցները իրենք ներմուծողներից ձեռք են բերել միանգամայն օրինական հիմունքներով։ Դեղատների այն սեփականատերերը, որոնց շրջանում մենք հարցում ենք իրականացրել, ասում էին, որ իրենք ի վիճակի չեն ամեն օր դեղերի հարյուրավոր անվանումներ ստուգել Փորձագիտական կենտրոնի կայքում, ինչպես ԱՆ-ն է առաջարկում անել։ Իսկ ներմուծողները միաժամանակ պնդում էին, որ այդ դեղամիջոցները չգրանցված չեն, քանի որ ներառված են ԱՆ կայքում տեղադրված դեղերի գրանցամատյանում։