2017թ. առաջին կիսամյակում նորածինների սեռերի համամասնությունը Հայաստանում կազմել է 100 աղջիկ -110 տղա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում։ Եթե 2014-2015թթ. այդ համամասնությունը եղել է 100 աղջիկ-114 տղա, ապա 2016-ին այն կազմել է 100-112, իսկ 2017թ. առաջին կիսամյակում` 100-110: Այդ պատճառով ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած եւ արագ առաջընթաց արձանագրած երկիր։
Սեռերի անհամամասնության խնդիրըՀայաստանում ի հայտ է եկել դեռեւս 1990-ական թվականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծին, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։
Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված ծրագրեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։
Միաժամանակ շարունակվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաեւ միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») եւ տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ:






