Դեղ արտադրող խոշորագույն «Գիլեադ» կազմակերպությունը առաջիկայում հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հհ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուի եւ ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտինի հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված սովալդի դեղով Հայաստանում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման ծրագիր է իրականացվում։ Այն կյանքի է կոչվել ժամանակակից այդ դեղն արտադրող, աշխարհում ճանաչված «Գիլեադ» կազմակերպության աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կարեւորելով «Գիլեադի» աջակցությունը` նախարարն առաջարկել է համատեղ իրականացնել նաեւ հայ մասնագետների լրացուցիչ վերապատրաստում ժամանակակից դեղերով բուժումն առավել արդյունավետ կատարելու համար։
Այնուհետեւ, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող եւ այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ստեղծված համագործակցությունը։ Առաջիկայում դեղ արտադրող խոշորագույն կազմակերպությունը հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։






