Բանգլադեշի Dhaka Medical College Hospital-ի վիրաբույժները բաժանել են ողնաշարով եւ ուղիղ աղիքով միացած 10 ամսական սիամական երկվորյակներին: Սա երկվորյակներին բաժանելու առաջին հաջող վիրահատությունն է այս երկրում, որին ավելի քան 20 վիրաբույժ է մասնակցել:

Մանկական վիրաբույժ Աբդուլ Հանիֆի տեղեկացմամբ՝ վիրահատությունը 9 ժամ է տեւել, իսկ նախկինում նման վիրահատություններ երկրում չեն կատարվել:

Թոֆա ու Թահուրա քույրերն արդեն լավ են զգում, բայց եւս 2 վիրահատության պետք է ենթարկվեն՝ ներքին օրգանների նորմալ աշխատանքն ապահովելու համար: Առաջիկա շաբաթներն աղջիկները կանցկացնեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ բժիշկները մտավախություն ունեն, որ նրանց կարող է վտանգավոր ինֆեկցիա փոխանցվել:

Աղջիկները ծնվել են աղքատ ընտանիքում, եւ միայն մեկ ամիս առաջ են նրանց Դաքքա բերել՝ բժիշկների մոտ ընդունելության:

«Բժիշկներն ասացին, որ վիրահատությունը հաջող է անցել, բայց աղջիկները դեռեւս անվտանգության մեջ չեն: Աղոթում եմ, որ երեխաներս արագորեն կազդուրվեն»,- ասել է փոքրիկների մայրը՝ Շահիդա Բեգումը: