Թոքերի քաղցկեղն աշխարհի տարբեր երկրներում քաղցկեղի ամենատարածված ձեւերից մեկն է համարվում։ Հայաստանում այն քաղցկեղի ամենատարածված ձեւն է տղամարդկանց շրջանում. տարեկան երկրում գրանցվում է թոքերի քաղցկեղի 1350 նոր դեպք։ Քաղցկեղի այդ տեսակի բուժման հանդեպ մոտեցումների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է օնկովիրաբույժ Յորգ Հութերը՝ Ավստրիայի University Hospital of Salzburg համալսարանից։
Մասնագետի խոսքով, եթե ուռուցքի չափսերը (ոչ մանրաբջջային քաղցկեղի դեպքում) դեռ 1-3 սմ են ու մետաստազներ չկան, շատ դեպքերում կիրառվում է վիրահատական բուժում, ընդ որում վիրահատությունից առաջ քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա անցկացնելու անհրաժեշտություն, որպես կանոն, չի լինում։
Թոքերի քաղցկեղի սկզբնական փուլերում հիմա մեծ հաջողությամբ կիրառվում են քիչ ինվազիվ վիրահատությունները։ Սովորական վիրահատության դեպքում վիրաբույժը ստիպված է լինում կտրել կրծքավանդակի մեծ կմախքային մկանները, իրարից հեռացնել կողերը, երբեմն էլ կտրել ոսկրային հյուսվածքի մի մասը։ Իսկ քիչ ինվազիվ վիրահատությունների դեպքում միջողային տարածքներում արվում է երկուսիս չորս կտրվածք, որոնց մեջ մտցվում են գործիքները, նաեւ տեսախցիկով հատուկ զոնդը, որի միջոցով վիրաբույժը վերահսկում է վիրահատությունը։
Յորգ Հութթերը նշեց, որ քիչ ինվազիվ վիրահատություններից հետո, որպես կանոն, ավելի քիչ բարդացումներ են լինում, հիվանդները ավելի քիչ ժամանակ են անցկացնում հիվանդանոցում, ավելի արագ են վերականգնվում, ավելի քիչ հետվիրահատական ցավեր են զգում։
Ավելի բարձիթողի դեպքերի բուժման ռազմավարությունն ընտրում է արդեն մասնագետների մուլտիդիսցիպլինար խումբը, որի մեջ ընդգրկված են վիրաբույժը, ուռուցքաբանը, ռադիոլոգը, քիմիաթերապեւտը ու այլոք։ Այստեղ բուժումն արդեն կախված է տվյալ հիվանդի վիճակից։ Որոշ դեպքերում հիվանդին կարող են նշանակել քիմիաթերապիա, որպեսզի վիրահատությունից առաջ հնարավորության սահմանում փոքրացնեն ուռուցքը։
Հետագա գործողություններն արդեն ձեռնարկվում են՝ ըստ բուժման արդյունքների։
Մասնագետը նշեց, որ եթե թոքի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլերում, ապա հիվանդների շուրջ 90 տոկոսի մոտ սկսվում է հիվանդության ռեմիսիա (նահանջ)։ Բայց որքան ուշ է հայտնաբերվում հիվանդությունը, այդքան ցածր է ապրելիությունը՝ եթե օրինակ քաղցկեղը ախտորոշվել է ուշ փուլերում, 5-ամյա ապրելիությունը կազմում է ընդամենը 10 տոկոս։ Նույնիսկ եթե թոքի քաղցկեղի մետաստազները տարածվել են փոքր ավշային հանգույցների վրա, դա էլ է ազդում ապրելիության վրա, նշեց մասնագետը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, շատ կարեւոր է քաղցկեղը հնարավորինս շուտ ախտորոշելը։
Նշենք, որ, ըստ վիճակագրության, թոքերի քաղցկեղի բուժման բացակայության դեպքում հիվանդների 87 տոկոսը մահանում է 2 տարվա ընթացքում։






