Անգլիացի կենսաբանները պարզել են, թե ինչպես կարելի է ազդել ագրեսիվ քաղցկեղային բջիջների վրա, որոնք աճում են ու անկառավարելի դառնում օրգանիզմի առողջ բջիջների հաշվին։ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է National Cancer Institute ամսագրում։
Գիտնականներն ուշադրություն են դարձրել ֆիբրոբլաստների վրա ՝ շարակցական հյուսվածքի բջիջներ, որոնք չարորակ գոյացությունների ազդեցության տակ սկսում են սխալ աշխատել՝ նպաստում են ուռուցքի աճին ու այն ավելի կայուն դարձնում քիմիաթերապիայի ու բուժման մյուս ձեւերի հանդեպ։ Նման կործանարար փոխգործակցությունը գիտնականները կոչել են CAF հապավումով։
Սաութհեմփթոնի համալսարանի առաջատար գիտաշխատող ու փորձարարական պաթոլոգիայի բաժնի ղեկավար Գարեթ Թոմասի խոսքով, գիտնականները կարողացել են պարզել այն ընդհանուր մեխանիզմը, որը պատասխանատու է ուռուցքներում CAF-ի առաջացման համար ու պարզել են, որ NOX4 ֆերմենտը, որը պարունակվում է ֆիբրոբլաստներում, անհրաժեշտ է անկառավարելի CAF ստեղծելու համար։
Այսպիսով, գիտնականները որոշել են գլխավորապես ներգործել այդ ֆերմենտի՝ ագրեսիվ ու բուժմանը դժվարությամբ ենթարկվող քաղցկեղային բջիջների առաջացման աղբյուրի վրա։ Դրա համար նրանք օգտագործել են մի դեղամիջոց, որը մշակված էր օրգանների ֆիբրոզի բուժման համար։
Մկների վրա արված փորձերը ցույց են տվել տվյալ մեթոդի բարձր արդյունավետությունը՝ NOX4 ֆերմենտի վրա ներգործությունը 50 տոկոսով նվազեցրել է մկների չարորակ ուռուցքների չափսերը։
«Այս տվյալները ցույց են տալիս, որ «ուռուցքային էֆեկտները» կարող են չեղարկվել մկների մոտ, ինչը հետազոտողներին ելակետ է տալիս՝ մոտ ապագայում ուռուցքաբանության նոր ու առավել արդյունավետ մեթոդների մշակման համար»,- ասում է բժիշկ Էյն Մաքքարթնին։






